Ջո Բայդեն. Հուսով ենք, որ ռազմագերիների ազատ արձակման հարցում Վրաստանի աջակցությամբ առաջընթացը կդառնա տարածաշրջանային համագործակցության կարևոր հիմք
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի և նոր կառավարության ձևավորման կապակցությամբ: Շնորհավորական ուղերձը տարածում են հայաստանյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով վարչապետի մամուլի ծառայությունը:
Ջո Բայդենը հույս ունի, որ ռազմագերիների ազատ արձակման հարցում Վրաստանի աջակցությամբ ձեռք բերված առաջընթացը կարևոր հիմք կդառնա տարածաշրջանային համագործակցության համար:
«Միացյալ Նահանգները սիրով աջակցեց Ադրբեջանից հայ ռազմագերիների ազատ արձակման ապահովման ջանքերին: Մենք կշարունակենք կոչ անել ապագայում բոլոր ռազմագերիների անվտանգ վերադարձին: Մենք հույս ունենք, որ Վրաստանի աջակցությամբ այս ոլորտում արձանագրված առաջընթացը կդառնա տարածաշրջանային համագործակցության կարևոր հիմք՝ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնած բանակցությունների հետ մեկտեղ»,- ասել է Բայդենը շնորհավորական ուղերձում:
Ըստ ԱՄՆ ղեկավարի, Հայաստանում արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումն ընդգծում է հայ ժողովրդի ձգտումը դեպի ավելի ժողովրդավար, արդար, բարգավաճ և առանց կոռուպցիայի հասարակություն: ԱՄՆ-ն նաև կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս շուտ սկսել առարկայական բանակցություններ: