Առաջին դասարանցիների համընդհանուր առցանց գրանցումն այսօր ավարտվում է
2026-2027 ուսումնական տարվա համար հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների համընդհանուր առցանց գրանցման IV փուլն այսօր՝ ժամը 24:00-ին, կավարտվի։
Կրթության նախարարության տվյալներով՝ այս փուլի շրջանակներում բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն գրանցվելու Վրաստանի տարածքում գտնվող իրենց նախընտրած հանրակրթական դպրոցում։
«Առաջին դասարանցիների համընդհանուր առցանց գրանցումը հունիսի 15-ից ընթանում է կրթության կառավարման համակարգի պորտալում։
Գրանցման ավարտից հետո՝ հուլիսի 6-ից մինչև հուլիսի 17-ը ներառյալ, պարտադիր է, որ ծնողը կամ օրինական ներկայացուցիչը գրանցման ժամանակ ընտրված հանրակրթական դպրոց ներկայացնի դիմում՝ ծնողի կամ օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի և երեխայի ծննդյան վկայականի պատճենը։
Սահմանված ժամկետում փաստաթղթերը չներկայացնելու դեպքում գրանցումը ավտոմատ կերպով կչեղարկվի։
Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը ծնողներին և օրինական ներկայացուցիչներին հորդորում է հաշվի առնել գրանցման համար սահմանված ժամկետները և գրանցման գործընթացն ավարտել այսօր՝ մինչև ժամը 24:00-ն։ Մանրամասն տեղեկատվությունը հասանելի է կրթության կառավարման տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում և գրանցման պորտալում։
Գրանցման գործընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ կրթության կառավարման տեղեկատվական համակարգի թեժ գծի՝ (+995 32) 2 200 220 հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստի՝ [email protected] հասցեով», – նշված է տեղեկատվության մեջ։