Ջեյք Սալիվանն ասում է, որ ուկրաինական բանակում կենդանի ուժի պակասը մնում է հրատապ խնդիր, և Ուկրաինան պետք է լուծի այն
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասում է, որ ուկրաինական բանակում կենդանի ուժի պակասը մնում է սուր խնդիր, և դա այն հարցն է, որը Ուկրաինան պետք է լուծի։ Այս մասին Սալիվանն ասել է «Bloomberg»-ին տված հարցազրույցում։
Լրագրողը Սալիվանին հարցրել է Ուկրաինայում մոբիլիզացիոն տարիքը 18-ը սահմանելու հնարավորության մասին։ Ինչպես նշել է Սալիվանը, Ուկրաինան արդեն իջեցրել է մոբիլիզացիայի տարիքը 27-ից 25-ի։
«Անցած տարվա ընթացքում սրվել է կենդանի ուժի մարտահրավերը, և ուկրաինական բրիգադներն ու գումարտակները լիովին համալրելու անհրաժեշտությունը մեծացել է, քանի որ մենք տրամադրել ենք մեծ քանակությամբ հիմնական զինամթերք և ռազմական տեխնիկա», – ասել է Սալիվանը:
Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն ասել է, որ իրենք նաև տեղյակ են պահել ապագա վարչակազմի թիմին առկա խնդիրների մասին։ Միաժամանակ նա նշել է, որ մոբիլիզացիոն տարիքի իջեցումը ինքնիշխան որոշում է, որը պետք է կայացնի միայն Ուկրաինան։
«Մենք հստակ ասել ենք, այդ թվում՝ հրապարակայնորեն, որ կենդանի ուժը հրատապ խնդիր է, և դա այն հարցն է, որն Ուկրաինան պետք է լուծի, նույնիսկ եթե մենք մատակարարում ենք նրանց անհրաժեշտ սարքավորումներ», – ասել է Սալիվանը: