Ջեյհուն Բայրամով. Ադրբեջանը Եվրոպայի և Ասիայի միջև դարձել է կարևոր տրանսպորտային-լոգիստիկ կենտրոն

13:49, 26.09.2026

Ադրբեջանը Եվրոպայի և Ասիայի միջև դարձել է կարևոր տրանսպորտային-լոգիստիկ կենտրոն. այս մասին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ ունեցած ելույթում։

Նրա խոսքով՝ 2022 թվականից ի վեր Միջին միջանցքով բեռնափոխադրումների ծավալն աճել է շուրջ 90 տոկոսով։

Ինչպես նշել է Ջեյհուն Բայրամովը, այնպիսի նախագծեր, ինչպիսիք են Բաքվի միջազգային ծովային առևտրային նավահանգիստը և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, նպաստում են Ասիայի և Եվրոպայի միջև առավել կայուն և դիվերսիֆիկացված մատակարարման շղթաների ստեղծմանը։

Նրա խոսքով՝ «Թվային մետաքսի ճանապարհ» նախագիծը նույնպես կնպաստի Ադրբեջանի՝ որպես տարածաշրջանային թվային հաբի դերի ուժեղացմանը։

Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, որ «Թրամփի երթուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը կնպաստի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ անխափան, մուլտիմոդալ տրանսպորտային կապի ապահովմանը, ինչպես նաև նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանային առևտրի և տնտեսական ինտեգրման համար։

Ելույթի վերջում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդես է եկել համաշխարհային համերաշխության ամրապնդման, միջազգային իրավունքի վրա հիմնված առավել արդյունավետ ու հուսալի բազմակողմ համագործակցության և համակարգի թարմացման կոչով։

«Բազմակողմ համագործակցությունը, որին մենք հավատում ենք, հենց սկզբունքային, ներառական և, ամենից առաջ, կոնկրետ արդյունքներ արձանագրելու կարողություն ունեցող համագործակցությունն է»,- հայտարարել է Ջեյհուն Բայրամովը։

Նմանատիպ