Իտալիան հրաժարվել է թույլ տալ ԱՄՆ ռազմական ինքնաթիռների վայրէջքը Սիցիլիայի Սիգոնելա ավիաբազայում
Իտալիան հրաժարվել է թույլ տալ ԱՄՆ ռազմական ինքնաթիռների վայրէջքը Սիցիլիայի Սիգոնելա ավիաբազայում

Իտալիան մերժել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռների վայրէջքը Սիցիլիայում գտնվող Սիգոնելլա ավիաբազայում։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ խոսքը ամերիկյան ռմբակոծիչների մասին է, որոնք Ամերիկայի Միացյալ Նահանգներից ուղևորվում էին դեպի Մերձավոր Արևելք։

Այս մասին տեղեկությունը սկզբնապես տարածել է իտալական «Corriere della Sera» թերթը։ Գաղտնիության պայմանով աղբյուրը լրատվամիջոցին հայտնել է, որ այս փուլում հայտնի չէ, թե երբ և քանի ռմբակոծիչ պետք է վայրէջք կատարեր Սիցիլիայում։

«Corriere della Sera»-ի տվյալներով՝ Իտալիան թույլտվություն չի տվել, քանի որ ԱՄՆ-ն համապատասխան հարցում չի ուղարկել, և Իտալիայի ռազմական ղեկավարության հետ խորհրդակցություններ չեն անցկացվել, ինչպես նախատեսված է երկրում ԱՄՆ ռազմական օբյեկտների օգտագործումը կարգավորող համաձայնագրերով։

Միևնույն ժամանակ, Իտալիայի պաշտպանության նախարարությունը մեկնաբանություններ չի արել։ Իտալիայի կառավարությունից հայտնել են, որ եթե ապագայում նման հարցում ներկայացվի, ապա դրա համար կպահանջվի խորհրդարանի թույլտվությունը։