Իսրայելում սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ «Յաշար» ընդդիմադիր կուսակցությունը նշանակալիորեն առաջ է անցնում վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունից
Իսրայելում սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ «Յաշար» ընդդիմադիր կուսակցությունը նշանակալիորեն առաջ է անցնում վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունից։
Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Գադի Այզենկոտի «Յաշար» կուսակցությունը նշանակալի առավելություն է ստացել վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցության նկատմամբ։ Այնուամենայնիվ, նոր հարցման համաձայն, չի սպասվում, որ կողմերից որևէ մեկը մեծամասնություն կստանա Քնեսեթում (օրենսդիր մարմնում)։
Այսօրվա հարցման մեջ ամենաէական փոփոխությունն այն է, որ «Յաշարը» ստանում է 26 մանդատ, իսկ «Լիկուդը»՝ 20։ Անցյալ շաբաթ այդ ցուցանիշները համապատասխանաբար 24 և 20 էին։ Այսօրվա հարցման մեջ երրորդ տեղը զբաղեցնում է նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթի «Բյախադ» (B’yachad) ընդդիմադիր կուսակցությունը՝ 11 մանդատով, որին հաջորդում է «Իսրայել Բեյթենու» ընդդիմադիր կուսակցությունը՝ 9 մանդատով։
Հարցումը ցույց է տալիս նաև կարևոր մանրամասն. Օֆեր Վինտերի «Իսրայելի ժողովուրդ» աջակողմյան կուսակցությունը չի հավաքում Քնեսեթ անցնելու համար անհրաժեշտ աջակցությունը։ Արդեն մի քանի ամիս է, ինչ հասարակական կարծիքի հարցումները հոկտեմբերի 27-ի ընտրություններում կանխատեսում են փակուղային իրավիճակ՝ Նեթանյահուի կողմնակիցների և հակառակորդների ճամբարներիմիջև ուժերի հավասար բաշխում։
Այսօրվա տվյալներով՝ վարչապետի հակառակորդ, հրեական կուսակցություններից կազմված բլոկը ստանում է 54 մանդատ, իսկ Նեթանյահուին աջակցող բլոկը՝ 49. երկուսն էլ 120-տեղանոց Քնեսեթում չեն հավաքում մեծամասնության համար անհրաժեշտ 61 մանդատը։ Արաբական կուսակցությունները կստանան 13 մանդատ, իսկ «Պահեստազորայիններ» անկախ քաղաքական ուժը խորհրդարան կանցնի չորս մանդատով։
Անցյալ շաբաթ Նեթանյահուի կողմնակից և հակառակորդ բլոկների հարաբերակցությունը 55-51 էր։