Իսպանիայի արտգործնախարար. Եվրոպան պետք է միավորի իր պաշտպանական արդյունաբերությունը և շարժվի դեպի եվրոպական բանակի ստեղծում
Իսպանիայի արտգործնախարար. Եվրոպան պետք է միավորի իր պաշտպանական արդյունաբերությունը և շարժվի դեպի եվրոպական բանակի ստեղծում

Իսպանիայի արտաքին գործերի նախարարն ասում է, որ Եվրոպան պետք է ունենա իր սեփական բանակը։

Խոսե Մանուել Ալբարեսի խոսքով՝ Եվրոպան պետք է միավորի իր պաշտպանական արդյունաբերությունը, որպեսզի ունենա սեփական զսպման միջոցներ՝ «եռրորդ կողմերից կախված չլինելու համար» և «պետք է շարժվի եվրոպական բանակի ստեղծման ուղղությամբ»։

Ալբարեսը խոսել է գլոբալ ներկայիս իրավիճակի մասին և նշել, որ ԱՄՆ-ի միջամտությամբ Վենեսուելայում և Գրենլանդիայի հանդեպ սպառնալիքներով «տեսնում ենք միջազգային կարգի փոփոխման փորձ»։

Նրա խոսքերով՝ Եվրոպան պետք է գիտակցի «իր սեփական ուժը» և ամրապնդի այն սկզբունքները, որոնք ենթադրում են մայրցամաքում պատերազմի անթույլատրելիություն։

Իսպանիայի արտաքին գործերի նախարարն ափսոսանք է հայտնել, որ Վաշինգտոնի և Բրյուսելի միջև տասնամյակներ տևած ամուր դաշինքից հետո, որը հիմնված է ընդհանուր արժեքների և փոխադարձ շահի վրա, ի հայտ է եկել Դոնալդ Թրամփի վարչակազմը՝ «տարբեր տեսլականով»։

Նա նշել է նաև, որ եվրոպացիները «չպետք է հանձնվեն»։

Բացի այդ, Ալբարեսը չի կարծում, թե Դոնալդ Թրամփի սպառնալիքը կհանգեցնի ՆԱՏՕ-ի փլուզմանը։

«Ես դա նույնիսկ հնարավորություն չեմ համարում», – ասել է Ալբարեսը և ավելացրել, որ միայն գրենլանդացիներն ու դանիացիները կարող են որոշում կայացնել երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերաբերյալ։