Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ Թեհրանը շուտով կպատասխանի ԱՄՆ-ի միջուկային առաջարկին
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը շուտով կարձագանքի ԱՄՆ միջուկային առաջարկին։ Նա այս հայտարարությունն արել է Եգիպտոս կատարած այցի ժամանակ։
ԱՄՆ-ի կողմից նոր միջուկային համաձայնագրի առաջարկը շաբաթ օրը Իրանին է ներկայացրել Թեհրան այցելող Օմանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Բադր Ալբուսաիդին։
«Մենք շուտով կտանք համապատասխան պատասխան։ Պատասխան, որը հիմնված կլինի Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքների, Իրանի ժողովրդի ազգային շահերի և իրանցի ժողովրդի իրավունքների վրա», – ասել է արտաքին գործերի նախարարը։
Անանուն աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ Իրանը բացասաբար կարձագանքի ԱՄՆ առաջարկին։ Թեհրանը կարծում է, որ այս առաջարկը հեռանկար չունի և չի հաշվի առնում իր շահերը։
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի հիմնական պահանջն այն է, որ Իրանը չունենա միջուկային զենք։ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալուց հետո Իրանը և ԱՄՆ-ն ապրիլին Օմանի միջնորդությամբ բանակցություններ սկսեցին։