Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչների հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչների հետ։
Վրաստանի կառավարության հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել է Վրաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների վերագործարկման և կոնկրետ ճանապարհային քարտեզի վրա հիմնված ռազմավարական գործընկերության կարևորությունը։
«Կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ հաստատել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը՝ վերականգնել երկկողմ հարաբերությունները՝ փոխադարձ հարգանքի վրա հիմնված՝ մաքուր էջից։
Նշվել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի հետաքրքրությունը Վրաստանի նկատմամբ ողջունելի է, ինչը հաստատվում է վերջին շփումների ինտենսիվությամբ։
Շեշտվել է Վրաստանի դերը որպես տարածաշրջանում հուսալի և վստահելի գործընկեր։ Վարչապետը նշել է, որ Վրաստանը պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերում», – ասվում է Վրաստանի կառավարության հայտարարության մեջ։
Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։