Առաջնորդները չկարողացան համաձայնության գալ ԵՄ 2028-2034 թվականների բյուջեի շուրջ, գագաթնաժողովն ավարտվեց առանց կոնսենսուսի
Բրյուսելում ԵՄ առաջնորդների գագաթնաժողովն ավարտվեց առանց համաձայնության՝ 14 ժամ տևած բանակցություններից հետո։
Անդամ պետությունները չկարողացան համաձայնության գալ ԵՄ 2028-2034 թվականների բյուջեի վերաբերյալ։
Ըստ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի՝ առաջնորդները քննարկել են երեք հիմնական հարց՝ բյուջեի ընդհանուր չափը, միջոցների բաշխումը և ԵՄ-ի համար միջոցներ հայթայթելու նոր եղանակները։
«Մենք չկարողացանք համաձայնության գալ։ Բյուջեի ընդհանուր չափի վերաբերյալ որոշ անդամ պետություններ պահանջեցին հետագա կրճատումներ, մինչդեռ մեծամասնությունը դեմ էր դրան։ Նրանցից ոմանք նույնիսկ առաջարկեցին վերականգնել կրճատված ֆինանսավորումը, հատկապես տարածաշրջանային զարգացման համար», – նշեց Կոստան։
Ըստ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի՝ առաջընթաց է գրանցվել ԵՄ եկամուտների նոր աղբյուրներ գտնելու շուրջ բանակցություններում։
Եվրահանձնաժողովի նախագահը զգուշացրել է առաջնորդներին, որ բյուջեի չափազանց կրճատումները կարող են վտանգել այն առաջնահերթությունները, որոնց վերաբերյալ անդամ պետություններն արդեն համաձայնության են եկել։
«Ես հասկանում եմ փոխզիջումների անհրաժեշտությունը, բայց միևնույն ժամանակ մենք պետք է հավատարիմ մնանք այն առաջնահերթություններին, որոնց վերաբերյալ մենք համատեղ համաձայնության ենք եկել», – ասաց ֆոն դեր Լեյենը։
Կոստան և ֆոն դեր Լեյենը նաև ընդգծեցին, որ գործարքի վերջնական կնքումից առաջ դեռ շատ աշխատանք կա անելու։
Առաջնորդները նաև քննարկեցին Եվրահանձնաժողովի առաջարկը՝ Ուկրաինային 45 միլիարդ եվրո վարկ տրամադրելու վերաբերյալ, որը պետք է տրամադրվի 2027 թվականին։ Անտոնիո Կոստան ասաց, որ 24 անդամ պետություններ աջակցել են նախաձեռնությանը։
«Այս առաջարկը աջակցել են 24 անդամ պետություններ։ Դրանցից մեկը՝ Բուլղարիան, կմասնակցի միայն ոչ ռազմական բաղադրիչին։ Մենք կանդրադառնանք այս հարցին դեկտեմբերին», – ասաց Կոշտան։
Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքով՝ ԵՄ ռազմավարությունն է շարունակել աջակցել Ուկրաինային և ապահովել նրան ամուր դիրք բանակցություններում։
«Մեր ռազմավարությունը հստակ է՝ մենք Ուկրաինային տրամադրում ենք բոլոր անհրաժեշտ միջոցները՝ բանակցությունները ուժեղ դիրքից վարելու համար։ Սա սկսվում է կանխատեսելի ֆինանսական և ռազմական աջակցությունից։ Անցյալ շաբաթ մենք առաջարկեցինք Ուկրաինայի համար համակարգված աջակցության մեխանիզմ, որը նախատեսում է 45 միլիարդ եվրոյի հատկացում 2027 թվականին», – ասաց ֆոն դեր Լեյենը։