Իրակլի Կոբախիձե. Մեծ Բրիտանիայի դեսպանի հայտարարությունները հարձակում են վրաց ժողովրդի և կառավարության վրա, ոչ մի պարկեշտ բրիտանական բյուրոկրատիա չէր վարվի այնպես, ինչպես բրիտանացի դեսպանը
Սուվերեն, արժանապատիվ բրիտանական բյուրոկրատիան երբեք այդպես չէր վարվի, ինչպես վարվում է Բրիտանիայի դեսպանը Վրաստանում, – այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ պատասխանելով լրագրողի հարցին, որը վերաբերում էր բրիտանացի դեսպանի՝ համալսարաններից մեկում արված հայտարարություններին։
Կառավարության ղեկավարի գնահատմամբ՝ սա հարձակում է վրաց ժողովրդի և Վրաստանի իշխանության վրա՝ այն իշխանության, որը ընտրված է վրաց ժողովրդի կողմից, ինչը չափազանց ցավալի է։
«Այս համատեքստում հիշում եմ Լիզ Թրասի խոսքերը, ով բացահայտ ասում էր, որ Deep State-ը էական ազդեցություն է ձեռք բերել Բրիտանիայի իշխանության վրա։ Այլ կերպ այս ամենը բացատրել հնարավոր չէ։ Սուվերեն, արժանապատիվ բրիտանական բյուրոկրատիան այսպես չէր վարվի, ինչպես վարվում է Բրիտանիայի դեսպանը Վրաստանում։ Այդ պատճառով կրկին պետք է հիշենք Լիզ Թրասի խոսքերը, որտեղ նա ասում է, որ Deep State-ը զրկել է Բրիտանիայի իշխանությանը սուվերենությունից։ Դեսպանի նման հայտարարությունները կարելի է ուղղակիորեն մեկնաբանել որպես արժանապատվությունը և սուվերենությունը կորցրած երկրի դեսպանի հայտարարություններ։ Սա շատ ողբերգական երևույթ է։ Խոսքը Մեծ Բրիտանիայի և Անգլիայի մասին է, որը ավանդաբար համարվել է որպես ժողովրդավարության և իրավական պետության գաղափարի օրրան։ Նման պայմաններում այդ երկրի դեսպանը բացահայտորեն ոտնահարում է այդ հիմնական սկզբունքները։ Եթե սուվերենությունը չկորցրած լիներ, Բրիտանիայի դեսպանը Վրաստանում այսպես չէր վարվի։ Նման հայտարարություններ անելու փոխարեն՝ Բրիտանիայի դեսպանը ավելի լավ է ներողություն խնդրի այն կեղծիքներով լի ռեպորտաժի համար, որը տարածել է բրիտանական հանրային հեռարձակողը», – հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։