Իրակլի Ղարիբաշվիլին հերթական նամակն է հրապարակում
Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին սոցիալական ցանցում հերթական նամակն է հրապարակում։
«Հանրությանը ցանկանում եմ փաստերով հիշեցնել, թե ինչ իրավիճակում վերադարձա վարչապետի պաշտոնին 2021 թվականի փետրվարին.
Երկրում սուր քաղաքական ճգնաժամ էր, քովիդպանդեմիա (պատվաստանյութերի դեֆիցիտ), փակ երկիր, փակ տնտեսություն, մինուս վեց տոկոսանոց տնտեսական անկում, բյուջեի ինը տոկոսանոց դեֆիցիտ, կառավարության պարտքը ՀՆԱ-ի համեմատությամբ գերազանցում էր 60%-ը, լարիի փոխարժեքը հասել էր 3.3–3.4 նիշին, կանգնած էր ամեն ինչ, և երկիրը փաստացի «դեֆոլտի» սպառնալիքի առջև էր կանգնած։
Նման ճգնաժամում գտնվող երկիրն ու թիմը լքեց Գախարիան, երբ անսպասելի դավաճանություն գործեց և հրաժարական տվեց։ Իշխանությունը փլուզման եզրին էր, իշխող կուսակցությունը՝ բարոյալքված, թիմը՝ շփոթված, իսկ կուսակցության այն ժամանակվա վարկանիշն իջել էր մինչև 35–37%: Այդպիսի փլուզված իշխանություն ստանձնեցի 2021 թվականի փետրվարի 18-ին։
Վարչապետ նշանակվելուն պես, սեղմ ժամկետներում վերականգնեցինք հավասարակշռությունը, ամրապնդեցինք թիմը, կայունացրինք իրավիճակը, թիմի հետ միասին ձեռնարկեցինք համարձակ, գործնական, արդյունավետ և այն ժամանակվա համար ռիսկային քայլեր. բացեցինք երկիրը, ներկրեցինք երեք տեսակի պատվաստանյութ, հրաժարվեցինք քովիդդիկտատուրայից և մեր ժողովրդին հայտարարեցի լիակատար ազատություն պատվաստման հարցում։
Զուգահեռաբար, բացեցինք փակ տնտեսությունը, հզոր զարկ տվեցինք բիզնեսին և տնտեսական զարգացմանը։ Քովիդի պայմաններում սկսեցինք ամբողջ երկրի մասշտաբով նոր նախաձեռնությունների իրականացումը, խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը, տարածաշրջանների թարմացման ծրագիրը և բոլոր համայնքներում ծավալեցինք աշխատանքները։
Նույն թվականին համոզիչ կերպով հաղթեցինք տեղական ընտրություններում։ Հաղթահարեցինք 43%-անոց շեմը և ստացանք 47%:
Կանխեցինք ապակայունացումն ու Սաակաշվիլիի մասնակցությամբ հեղափոխություն անելու փորձը, իրենց տեղը ցույց տվեցինք բոլոր ապակառուցողական ուժերին և ավարտեցինք քաղաքական ճգնաժամը։ Եվ վերջապես, աննախադեպ երկնիշ տնտեսական աճով փակեցինք ինչպես 2021, այնպես էլ 2022 թվականը։
Ամենաարագը երկրի տնտեսությունն աճել է իմ երեք տարվա կառավարման ընթացքում։ Երեք տարում տնտեսությունն աճեց երեսուն միլիարդ լարիով։ Կարողացանք վերահսկել գնաճը – գնաճն իջավ թիրախային ցուցանիշից ցածր և առանձին ժամանակահատվածներում 1%-ից ցածր էր։ Արդյունքում, գների վրա ճնշումը վերացավ։ Օրինակ՝ Թուրքիայի շուկայի բացմամբ և դեղորայքի վրա ռեֆերենտային գների սահմանմամբ դեղերի գներն անմիջապես իջան – միջինը նվազեցին 30–40%-ով, և արդյունքում երկու տարում մեր երկրի բնակչությանը խնայեցինք 400 միլիոն լարի։ Այստեղ հիշեցնեմ, որ մինչ այդ դեղորայքը վաճառվում էր 100–300% հավելագնով, և արդյունավետ վերահսկողություն չկար։
Բյուջեի դեֆիցիտը 9%-ից իջեցրինք 2,8%-ի, լարիի փոխարժեքը կայունացրինք 2,6–2,7-ի սահմաններում։ Կառավարության պարտքը երեք տարում կտրուկ կրճատեցինք 60%-ից մինչև 38%:
Բնակչության, հատկապես կարիքավոր քաղաքացիների վրա հաշվարկված հասցեական ծրագրերով (օրինակ՝ տարեկան 500 միլիոն լարի հատկացրինք և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին ամսական հավելավճարներ նշանակեցինք) գործազրկության և աղքատության մակարդակը նվազեց պատմական նվազագույնի, ստեղծվեցին տասնյակ հազարավոր նոր աշխատատեղեր։
Բազմամյա ընդհատումից հետո բարձրացրինք հանրային ծառայողների աշխատավարձերը (երեք տարում 40-50%-ով բարձրացրինք ոստիկանների, զինվորների և հատուկ ծառայությունների աշխատակիցների աշխատավարձերը), բարձրացրինք թոշակները, աշխատավարձերը բարձրացրինք ուսուցիչներին և բժիշկներին։
Բարձր և իրական տնտեսական աճը հնարավորություն էր տալիս տարվա ընթացքում ոչ մեկ անգամ ավելացնել պետական բյուջեն և հավելյալ միջոցներ ուղղել երկրի ու բնակչության տարբեր կարիքներին։
Արագ տեմպերով զարգանում էին բոլոր ոլորտներն ու բոլոր ուղղությունները։ Վրաստանը տնտեսական աճի տեմպով առաջին տեղում էր Եվրոմիության անդամ և թեկնածու երկրների շարքում։ Գնաճի ցածր ցուցանիշով երրորդ տեղում էինք, իսկ կառավարության պարտքի փոքրության ցուցանիշով՝ տասներորդ տեղում։ Իմ երեք տարվա կառավարման ընթացքում թիմի հետ միասին հաղթահարեցինք ամենաբարդ ճգնաժամերը։ Կանխեցինք հեղափոխության և պատերազմի մեջ ներքաշվելու իրական սպառնալիքները։
Ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելու առաջին իսկ օրերից, ամենաբարդ ճնշմանն ի հեճուկս, ամուր և անզիջում կերպով պաշտպանեցինք մեր երկրի ազգային շահերը, կանխեցինք ապակայունացումն ու պատերազմի իրական վտանգը։ Երկրիներսում ընթացող արագ զարգացմանը զուգահեռ ակտիվ արտաքին քաղաքականություն էինք վարում։
Երեք տարում իրականացրինք 25 արտասահմանյան այց։ Հայտ ներկայացրինք Եվրամիությանն անդամակցելու պահանջով։ Ստորագրեցինք նոր ռազմավարական համաձայնագրեր և ազատ առևտրի պայմանագրեր։ Հաջողված այցեր ունեցա Չինաստան, Բրյուսել, եվրոպական մայրաքաղաքներ, Ամերիկա, Մերձավոր Արևելքի և Ծոցի երկրներ, Իսրայել և Հորդանան (Իլիա Երկրորդի օրհնությամբ, երեք հարյուր տարի անց Վրաստանը վերադարձավ Սուրբ Հող)։
Ամրապնդեցինք բարեկամական և ռազմավարական հարաբերությունները տարածաշրջանում։ Վերջին շրջանում առաջին միջնորդությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև իրականացվեց հենց իմ մասնակցությամբ։ Ինչպես նաև, առաջին անգամ կայացավ երեք երկրների վարչապետների հանդիպումը Թբիլիսիում։
Եվ վերջում.
Այնպես, որ ոչ ոքի առջև գլուխ չեմ խոնարհել ոչ երկրի ներսում և ոչ երկրից դուրս, միայն մեր երկրի ազգային շահերի անզիջում պաշտպանությամբ և մեր թիմի ընդհանուր ջանքերով, 2023 թվականի դեկտեմբերին ստացանք Եվրամիության թեկնածուի կարգավիճակ։ Ձեռք բերված արդյունքներով և, որ ամենակարևորն է, ժողովրդավարական մեթոդներով, քաղաքականապես զրոյացրինք ամբողջ արմատական ընդդիմությանը, ասելիք ու խոսելիք չթողեցինք ոչ ոքի։ Իմ կառավարության աշխատանքի հավանության վարկանիշը 2024 թվականի հունվարին 60% էր, ինչպես նաև կուսակցության վարկանիշը։
Այս արդյունքներով թողեցի վարչապետի պաշտոնը 2024 թվականի հունվարի վերջին։
Այդ ժամանակվանից ի վեր գրեթե երեք տարի է անցել, և ժողովրդին ուզում եմ հարցնել. երկրում իրավիճակը բարելավվե՞լ է, թե՞ վատթարացել՝ ներքին, թե՞ արտաքին քաղաքականության ուղղությամբ»,- գրում է Իրակլի Ղարիբաշվիլին։