Իլիա Դարչիաշվիլին ոչ պաշտոնական միջավայրում հյուրընկալել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարին
Իլիա Դարչիաշվիլին ոչ պաշտոնական միջավայրում հյուրընկալել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարին

Վրաստանում այցով գտնվող Միացյալ Թագավորության արտաքին, համադաշնության և զարգացման հարցերով պետքարտուղար Ջեյմս Քլևերլին պաշտոնական հանդիպումներից առաջ ոչ պաշտոնական միջավայրում հյուրընկալվել է իր վրացի գործընկեր Իլիա Դարչիաշվիլիի մոտ։

Վրաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ կողմերն ընդգծել են նշված այցի կարևորությունը։ Քննարկվել են Վրաստանի և Միացյալ Թագավորության միջև համագործակցության կարևոր հարցերը։

Արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին «Twitter»-ում արձագանքել է իր բրիտանացի գործընկերոջ այցին։

«Ուրախ եմ հյուրընկալելու արտաքին գործերի, համադաշնության և զարգացման հարցերով պետքարտուղար Ջեյմս Քլևերլիին։ Ես հնարավորություն ունեցա իմ գործընկերոջ հետ քննարկել Վրաստանի և Միացյալ Թագավորության երկկողմ օրակարգի հարցերը։ Վստահ եմ, որ այս այցը կնպաստի երկու երկրների համագործակցության ամրապնդմանը»,- գրել է Դարչիաշվիլին։

Նշենք, որ այցի շրջանակներում Ջեյմս Քլևերլին կհանդիպի Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Բացի այդ, նա կայցելի օկուպացիոն գիծ եւ տեղում կտեղեկանա առկա իրավիճակին։

Երկու երկրների արտգործնախարարությունների ղեկավարների պաշտոնական հանդիպումը կկայանա մարտի 17-ին։