Հույս ունեմ խմբում կզբաղեցնենք առաջին տեղը. հայաստանի գլխավոր մարզիչ
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, Խոակին Կապարոսը գոհ է մնացել Ազգերի լիգայի հինգերորդ տուրի Վրաստանի հավաքականի հետ խաղում տարած հաղթանակից և ասուլիսում հայտարարել է, որ Հյուսիսային Մակեդոնիայի հետ վերջին տուրում կփորձեն հաղթել:
«Հայաստանի հավաքականն այսօր կարևոր հաղթանակ տարավ: Շնորհակալություն ֆուտբոլիստներին, ովքեր մեծ ջանքեր են ներդրել: Նրանք հպարտությամբ խաղացին իրենց երկրի համար և ամեն ինչ արեցին հաղթելու համար: Վրաստանը ուժեղ և լավ խաղացված թիմ է, սակայն մենք մեծ հույսեր ունեինք, որ կհաղթենք, և մեր մարտավարությունն արդյունք տվեց: Դրանից հետո մենք ուղևորվելու ենք անմիջապես Կիպրոս, որտեղ հանդիպելու ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ: Մենք գիտենք, որ բարդ հանդիպում է լինելու, բայց ես մեծ հույսեր ունեմ, որ կխաղանք նույն վերաբերմունքով, ինչ այսօր և կզբաղեցնենք խմբում առաջին տեղը», – հայտարարել է Խոակին Կապարոսը:
Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրից հետո Վրաստանի հավաքականը հավաքել է 6 միավոր և կորցրել առաջին տեղը գրավելու և «Բ» դիվիզիոն անցնելու հնարավորությունը, քանի որ Հյուսիսային Մակեդոնիան սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց Էստոնիային և 9 միավորով զբաղեցնում է առաջին տեղը: