Հայկական ֆուտբոլի լեգենդը խոսել է «խաչակիրների» առավելության մասին. Սպիտակի երկրաշարժից հետո «Դինամոն» «Արարատին» նվիրեց ոչ ոքի
«Վրացիներն այժմ մեզանից մի փոքր ուժեղ թիմ ունեն»,- այս մասին ռուսական «Մատչ Տվ» հեռուստատեսության ինտեռնետհրատարակության հետ հարցազրույցում հայտարարել է հայկական ֆուտբոլի լեգենդ՝ Արկադի Անդրիասյանը:
«Այո, վրացիները մի փոքր ավելի լավ թիմ ունեն, բայց մենք ունենք ուժեղ հաղթաթուղթ ՝ հայրենասիրություն: Մենք պետք է այնպես խաղանք, որ ֆուտբոլն այս ծանր իրավիճակում մեր ժողովրդի համար լինի քսուկի պես: Տղաները պետք է հասկանան. Նրանք խաղում են ոչ թե իրենց, այլ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների և մոլորակի վրա ապրող բոլոր հայերի համար»,- ասել է Անդրիասյանը:
Լրագրողը հետաքրքրվել է. «Ճիշտ է արդյոք, որ 1989 թվականին «Արարատը» «Դինամոյի» հետ անց է կացրել ազնվական, պայմանական հանդիպում. Սպիտակում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժից հետո, Վրաստանը սեփական հարկի տակ ոչ-ոքի նվիրեց Հայաստանին»:
Հայկական ֆուտբոլի լեգենդը չի թաքցրել, որ նման բան իսկապես եղել է:
«Ճիշտ է. Ես այն ժամանակ «Արարատի» գլխավոր մարզիչն էի: Այս պատմությունը տեղի ունեցավ առաջնության երկրորդ շրջանում: Առաջին հանդիպումը Երևանում ավարտեցինք ոչ-ոքի՝ 0:0 հաշվով, սակայն դա բացառություն էր կանոնից և դա տեղի ունեցավ այն ժամանակի հատուկ հանգամանքների պատճառով: Մենք վրացիների հետ միշտ խաղում էինք իսկական ֆուտբոլ, միայն հաղթանակի համար»,- խոստովանել է Անդրիասյանը:
Վետերան ֆուտբոլիստը ջերմորեն բնութագրում է վրացի ընկերներին. «Մենք եղբայրական հարաբերություններ ունեինք: Խորհրդային Միության հավաքականում միասին խաղացել եմ Մանուչար Մաչաիձեի, Վովա Գուցաևի, Մուրթազ Խուրցիլավայի հետ: Ծնունդս միշտ շնորհավորում են: Այս տարի, օգոստոսի 11-ին ինձ զանգահարեց Վովա Գուցաևը և շնորհավորեց տղաների անունից. Նրանք գերազանց խաղացողներ էին և ոսկե տղաներ»: