Հունգարիայում ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Պետեր Մագյարի կողմնակիցները բողոքի ցույց են անցկացնում Վիկտոր Օրբանի կառավարության դեմ
Հունգարիայում ընդդիմադիր «ՏԻՍԱ» կուսակցության առաջնորդ Պետեր Մաջարի աջակիցները Բուդապեշտում բողոքի ցույց են անցկացրել Վիկտոր Օրբանի կառավարության դեմ։
Ցույցին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ։ Պետեր Մաջարը միացել է երթին իր կողմնակիցների հետ։ Ցուցարարները ծածանել են Հունգարիայի դրոշներ և պահանջել Օրբանի հրաժարականը։
Ելույթ ունենալով ցույցի ընթացքում՝ Մաջարը Վիկտոր Օրբանին մեղադրել է առավելապես ավտորիտար և կոռումպացված կառավարման մեջ։
«Այն քաղաքական գործիչը, ով պահանջում էր ռուսական զորքերի դուրսբերում Հունգարիայից, այժմ դարձել է Կրեմլի ամենահավատարիմ դաշնակիցը։ Նա տարիներ շարունակ խաբել է սեփական ժողովրդին և դրա համար երախտագիտություն է սպասում։ Նա ստեղծել է համակարգ, որտեղ իշխանությունը կենտրոնացված է, լրատվամիջոցները վերահսկվում են, և երկիրը ղեկավարվում է վախով։ Երիտասարդները փախչում են երկրից։ Ազատությունը ծնվում է այնտեղ, որտեղ վախը ավարտվում է, և այսօր մենք այլևս չենք վախենում։ Մենք ոչ աջ ենք, ոչ ձախ՝ մենք այսօր հունգարացիներ ենք։ Թող խաղաղության երթում լինենք, թե ազգային՝ մենք բոլորս միավորված ենք հայրենասիրությամբ։ Հայրենիքը չի պատկանում քաղաքական գործիչներին, օլիգարխներին կամ կուսակցություններին, հայրենիքը պատկանում է հունգար ժողովրդին, և մենք այսօր վերադարձնում ենք այդ հայրենիքը։ Ամեն ինչ նոր է սկսվում՝ գյուղից գյուղ, ուսանողից մինչև թոշակառու, բոլորը պետք է ընտրեն՝ վախի՞ կողմում են, թե՞ ազատության, իշխանությա՞ն, թե՞ հունգար ժողովրդի», – ասել է Մաջարը։
Նա նշել է նաև, որ ազատությունը նշանակում է չհանդուրժել արդար մարդկանց վարկաբեկումը և երբեք չվաճառել հայրենիքը․
«Հունգար ժողովրդի ճակատագիրը չի որոշվում Բրյուսելում, Վաշինգտոնում կամ Մոսկվայում։ Պետք է հավատանք, որ հայրենիքը կարելի է վերականգնել, և մեր երեխաները մեծանալու են ավելի ազատ Հունգարիայում», – հավելել է նա։
Մաջարի խոսքով՝ ինքը վստահ է, որ 2026 թվականի ընտրություններում կհաղթի մեծ առավելությամբ․
«Վեց ամսից էլ քիչ ժամանակ անց երկիրը ընտրություն կկատարի։ Հունգար ժողովուրդը կպատասխանի հարցերին՝ Արևելք թե Արևմուտք, կոռուպցիա թե արժանապատվություն, Թուրքական խորհուրդ թե Եվրոպա, քարոզչություն թե ճշմարտություն, անմարդկայնություն թե մարդասիրություն, գաղութ թե ազատ Հունգարիա, «Ֆիդես» թե «ՏԻՍԱ»։ Մենք պետք է հաղթենք 2026-ի ընտրություններում և մենք կհաղթենք՝ ոչ թե մի փոքր տարբերությամբ, այլ խոշոր հաղթանակով», – հայտարարել է Մաջարը։
Նույն օրը Բուդապեշտում տեղի է ունեցել նաև «Խաղաղության երթ»՝ ի պաշտպանություն Վիկտոր Օրբանի և ի հիշատակ 1956 թվականի կոմունիստական ռեժիմի դեմ ապստամբության 69-րդ տարելիցի։