Հունաստանում կործանվել է զինամթերքով բեռնված ուկրաինական բեռնատար ինքնաթիռ
Հունաստանում կործանվել է զինամթերքով բեռնված ուկրաինական արտադրության բեռնատար ինքնաթիռ: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ բեռնատար ինքնաթիռը, որը Սերբիայից Հորդանան էր թռչում, կործանվել է Հունաստանի հյուսիսում՝ Կավալա քաղաքի մոտ։
Ըստ լրատվամիջոցի՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 23։00-ից առաջ։ Հունաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հաղորդում է ստացել օդանավի շարժիչներից մեկի հետ կապված խնդրի մասին, որը խնդրել է վթարային վայրէջքի թույլտվություն։ Ան-12-ին առաջարկվել է վայրէջք կատարել Կավալայի օդանավակայանում, որից հետո նրա հետ կապը կորել է։ Այն կործանվել է Կավալայի օդանավակայանից 40 կիլոմետր դեպի արևմուտք։ Դեպքի վայրում հրդեհ է բռնկվել և թանձր ծուխ է նկատվել, ինչի պատճառով դեպքի վայր ժամանած հրշեջներին անհրաժեշտ է եղել բուժօգնություն ցուցաբերել։
Տեղանքն ուսումնասիրվում է դրոնների միջոցով։ Իրավապահները հույս ունեն գտնել «սև արկղը», որը հնարավորություն կտա պարզել վթարի հանգամանքները։
Ինչպես գրում է լրատվամիջոցը, ինքնաթիռում եղել է ութից տասը ուղևոր և 12 տոննա վտանգավոր բեռ, հավանաբար պարկուճ։ Ըստ լրատվամիջոցի՝ ինքնաթիռը պատկանում է «Մերիդիան» ընկերությանը և հիմնականում չարտերային թռիչքներ է իրականացնում։ Ընկերությունը սերտորեն համագործակցում է ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի հետ տարբեր, այդ թվում՝ ռազմական և երկակի նշանակության բեռների արագ փոխադրման համար։