Հռոմի պապ Լեո XIV. Բանտարկված լրագրողների տառապանքը մարտահրավեր է ազգերի խղճին, միջազգային հանրությանը և կոչ է անում մեզ պաշտպանել խոսքի և մամուլի ազատության թանկարժեք պարգևը
Հռոմի պապ Լեո XIV-ը կոչ է արել ազատ արձակել բանտարկված լրագրողներին,- այս մասին նա հայտարարել է Վատիկանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
«Այս բանտարկված լրագրողների տառապանքը մարտահրավեր է ազգերի և միջազգային հանրության խղճին և կոչ է անում մեզ բոլորիս պաշտպանել խոսքի և մամուլի ազատության թանկարժեք պարգևը», – ասել է Հռոմի պապը։
Լրագրողների պաշտպանության կոմիտեի տվյալներով՝ անցյալ տարվա վերջին ամբողջ աշխարհում բանտարկվել է 361 լրագրող։
Հռոմի պապը նաև խոսեց հակամարտությունը հաղթահարելու անհրաժեշտության մասին։
«Խաղաղությունը սկսվում է մեզանից յուրաքանչյուրից՝ նրանից, թե ինչպես ենք մենք նայում ուրիշներին, լսում ուրիշներին և խոսում ուրիշների մասին։ Այս առումով, մեր հաղորդակցվելու ձևը հիմնարար նշանակություն ունի։ Մենք պետք է «ոչ» ասենք բառերի պատերազմին», – ասել է Լեո XIV-ը։
Լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ Հռոմի պապը խոսեց նաև արհեստական բանականության խնդրի մասին՝ նշելով, որ դրա օգտագործումը պետք է լինի պատասխանատու։