Հնդկաստանում ջրհեղեղների և սողանքների հետևանքով չորս մարդ է մահացել, փրկարարները փնտրում են Դհարալի գյուղում անհետ կորած ավելի քան 50 մարդու
Հնդկաստանում ջրհեղեղների և սողանքների հետևանքով չորս մարդ է մահացել, փրկարարները փնտրում են Դհարալի գյուղում անհետ կորած ավելի քան 50 մարդու

Հնդկաստանում հանկարծակի տեղացած ուժեղ անձրևը ջրհեղեղներ և սողանքներ է առաջացրել։ Չորս մարդ մահացել է։

Աղետը տեղի է ունեցել Ուտտարախանդ նահանգի հյուսիսում։ BBC-ի փոխանցմամբ՝ փրկարարներն ու զինվորները դեպքի վայրում են՝ փնտրելով ավելի քան 50 անհետ կորած մարդկանց Դհարալի գյուղում։

Սոցիալական ցանցերում տարածված կադրերում երևում է սողանք, որը ավերել և տարել է տներ։ BBC-ն նշում է, որ Դհարալի գյուղը զբոսաշրջային վայր է՝ բազմաթիվ հյուրանոցներով և ռեստորաններով։ Ականատեսները պատմում են, որ աղետի հետևանքով տասնյակ մարդիկ մնացել են փլատակների տակ։ Փրկարարական գործողությունը բարդանում է վատ եղանակային պայմաններով։

Բացի այդ, սողանքը փոխել է տարածաշրջանի ամենամեծ գետի հունը՝ ստեղծելով արհեստական լիճ և հեղեղելով հսկայական տարածք։ Տեղացիները նշում են, որ եթե արհեստական լճից ջուրը ժամանակին չհանվի, այն կարող է լուրջ սպառնալիք ներկայացնել քաղաքների և գյուղերի համար։ Դեպքի վայր ժամանած զինվորականները կոչ են անում քաղաքացիներին հեռու մնալ գետից։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն է հայտնել աղետի հետևանքով զոհվածների ընտանիքներին և նշել, որ կառավարությունն անում է ամեն ինչ քաղաքացիներին օգնելու համար։