ՀՀ Նախագահը հրամանագիր է ստորագրել Հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին
Հայաստանի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Նշենք, որ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որում մինչև օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը Նախագահը նախ նիստին մասնակցող բոլոր գործընկերների անունից շնորհավորել է Գագիկ Հարությունյանին՝ Ազգային ժողովում լայն համաձայնությամբ Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և բարեմաղթել, որ դատական խորհրդի անդամ իր մյուս գործընկերների հետ միասին նա հաջողությամբ իրականացնի խորհրդի սահմանադրական գործառույթը, այն է՝ ապահովել դատարանների և դատավորների անկախությունը:
Հանրապետության Նախագահը նիստի բացման խոսքում հակիրճ անդրադարձել է տարածաշրջանում ապահով ու համերաշխ ապագա կերտելու տեսլականով իր նախաձեռնությամբ սկիզբ դրված` առանց նախապայմանների Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և դրանից հետո տեղի ունեցած զարգացումներին. Նախագահ Սարգսյանը մասնավորապես ներկայացրել է ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից հետո միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու ուղղությամբ Հայաստանի ջանքերն ու ի հակառակ դրա՝ միջազգային հանրության առջև իր ստանձնած պարտավորությունների կենսագործման ուղղությամբ տարիներ շարունակ Թուրքիայի կողմից դրական տեղաշարժի բացակայությունը:
Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ Հայաստանը տարբեր առիթներով հայտարարել է, որ այս հարցում Թուրքիայի կողմից հիշյալ քաղաքականությունը չփոխվելու դեպքում, Հայաստանը ցյուրիխյան արձանագրությունները կհայտարարի առ ոչինչ և 2018 թվականի գարուն կմտնի առանց դրանց:
Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.1-ին հոդվածի 1-ին մասը` որոշում եմ.
1. Դադարեցնել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաuտանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաuտանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների կնքման ընթացակարգը:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին ծանուցել Թուրքիայի Հանրապետությանը»:
Հեղինակ -
Edgar Barsegyan