Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների վերաբերյալ Վրաստանի Առաջին ալիքը զրուցել է քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Մարտիրոսյանի հետ:
– Ձեր կարծիքով, ի՞նչ պետք է տեղի ունենա կամ ի՞նչ է անհրաժեշտ անել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լինի հրադադար:
– Ադրբեջանը և Թուրքիան հայտարարեցին, որ չեն համաձայնի հին ստատուս քվոյի վերականգնմանը և կպայքարեն մինչև հաղթանակ: Հարկ է նաև նշել, որ վերջին հարցազրույցներում Ադրբեջանի նախագահի տոնը մեղմացավ: Որպես հայ քաղաքագետ, համարում եմ, որ ստատուս քվոյին վերադառնալու ծրագիրը նաև Հայաստանի շահերին չի համապատասխանում: Ադրբեջանի կողմից հարձակումները կանխելու համար միակ ելքը հայկական պատմական տարածքների ազատագրումը և դիրքերի բարելավումն է, որպեսզի նույնիսկ զինադադարի դեպքում Հայաստանն ունենա հաղթող երկրի կարգավիճակ: Հայաստանում բոլորը գիտակցում են, որ Ադրբեջանի հետ բանակցությունների սեղանի շուրջ հավասար հարաբերությունն անիմաստ է: Ադրբեջանի հետ պետք է խոսես հաղթողի կարգավիճակից և թելադրես քո պայմանները, այլ դեպքում կրկին հնարավոր են հարձակումներ և գործընթացը երբեք չի դադարի:
– ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը պահանջում է հրադադար և բանակցությունների վերսկսում: Մենք գիտենք, այս ձևաչափում բանակցությունների ժամանակ խոսքը վերաբերում էր կոնկրետ բնակավայրերի կարգավիճակի փոփոխմանը: Արդյո՞ք դա կարող է լինել զիջում:
– Մենք խոսում ենք այն շրջանների մասին, որոնք Ադրբեջանը բռնազավթել էր, իսկ այնուհետև ընդգրկվել էր Խորհրդային Ադրբեջանի կազմում, սակայն մինչ այդ շրջանները Հայաստանի Առաջին Հանրապետության կազմում էին: Սա հաստատվում է պատմական քարտեզներով և փաստաթղթերով: Այս մասին ոչ ոք չի վիճում, բացի Ադրբեջանից: Ինչպես երևում է, այս հարցի շուրջ գաղտնի բանակցություններ էին ընթանում Հայաստանի նախկին իշխանության և Ադրբեջանի ղեկավարության միջև: Սակայն, 2016 թվականից հետո այս տարբերակն առաջացնում է հայ հասարակության վրդովմունքը: Այժմ, Հայաստանի վրա հարձակումից հետո, ուղղակի հիմարություն է խոսել այս թեմայով: Դա չի կարող անել Հայաստանի ոչ մի կառավարություն, քանի որ ժողովուրդը դա չի հանդուրժի: Ադրբեջանի հարձակումը Հայաստանում շատ բան փոխեց: Հայաստանի քաղաքացիների և սփյուռքի բացարձակ մեծամասնությունն այլևս չի քննարկում բանակցությունների ճանապարհով խնդրի լուծումը: Որքան էլ խոսեն քաղաքական գործիչները, ժողովուրդը համարում է, որ այս հարցը պետք է լուծվի ռազմական ճանապարհով: Ակնհայտ է, որ Ադրբեջանը որոշել է, հարցը լուծել միայն ռազմական ճանապարհով և հայերը ևս արձագանքում են նույն կերպով:
– Ի՞նչ կասեք միջազգային մամուլի կողմից տարածված տեղեկության մասին, որ Ղարաբաղում պայքարում են արտասահմանցի վարձկան մարտիկներ:
– Համարում եմ, որ աշխարհում գոյություն չունի մարդ, ով կասկած կունենա Ֆրանսիայի հետախուզական տվյալների ճշգրտության մեջ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ ունի տեղեկություն և ապացույց, որի համաձայն, Թուրքիան իսլամիստ ծայրահեղականներին Ադրբեջան էր տեղափոխում Հայաստանի դեմ պայքարելու համար և այժմ էլ շարունակում է այդ գործընթացը: Հայաստանի պաշտպանության նախարարությունում ասում են, որ նման փաստեր ունեն և հրապարակվել են լուսանկարներ: Կա նաև տեսագրություն: Ոչ ոք չի կարող հերքել այս փաստը: Ինձ համար անհասկանալի է, Թուրքիան և Ադրբեջանը ինչու որոշեցին անել այս քայլը, քանի որ առաջին հերթին այն կապակայունացնի Ադրբեջանը, որը և ձեռնտու է Հայաստանին: Մյուս կողմից, այս քայլը դառնում է Թուրքիայի և Ադրբեջանի քարոզարշավի վարկաբեկման պատճառ և ողջ միջազգային հասարակությանը բացասաբար տրամադրում թուրք-ադրբեջանական տանդեմի նկատմամբ: Այս ժողովրդին չեմ կարող կոչել վարձկաններ, քանի որ վարձկան մարտիկների մասնավոր ընկերություններ կան ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում: Վարձկան մարտիկները բոլոր ժամանակակից պատերազմների բաղկացուցիչ մասն է: Մենք հիմա խոսում ենք իսլամիստ ահաբեկիչների մասին, որոնց միջազգային հասարակությունը Մերձավոր Արևելքում փորձում է ոչնչացնել համատեղ ջանքերով: Սրանք այն մարդիկ են, ովքեր Սիրիայում, Լիբիայում և այլ շրջաններում գումար էին ստանում ահաբեկչական գործունեության համար: Այսպիսով, Հայաստանը հիմա պայքարում է ահաբեկիչների դեմ:
– Թուրքիան բացեիբաց աջակցում է Ադրբեջանին, իսկ Հայաստանը բանակցություն է վարում Ռուսաստանի հետ: Ինչպե՞ս եք կարծում, մարտական գործողությունների շարունակության դեպքում, հնարավոր է արդյոք հակամարտությանը ներգրավվեն այս երկրները:
– Չեմ կարծում, որ Ռուսաստանը պատերազմի Թուրքիայի հետ: Շատ դժվար է ասել, ինչ գործընթացներ են Երևանի և Մոսկվայի, Մոսկվայի և Անկարայի միջև, քանի որ այս բանակցությունները հրապարակային չեն: Հիմա Ռուսաստանը չի միջամտում ստեղծված իրավիճակին, իսկ Հայաստանը բացեիբաց օգնություն չի խնդրում ոչ ՀԱՊԿ-ից և ոչ էլ՝ Ռուսաստանից: Հայաստանում այսօր շատերը համարում են, որ Մոսկվան Երևանին պարզաբանել է – Ռուաստանն այն դեպքում կմիջամտի հակամարտությանը կամ կդադարեցնի հարձակումը Ադրբեջանի և Թուրքիայի վրա ճնշում գործադրելով, եթե Երևանը համաձայնի Լեռնային Ղարաբաղում ռուս կամ միջազգային խաղաղապահների տեղակայմանը: Հայ ժողովուրդը դեմ է այս տարբերակին: Ոչ այն պատճառով, որ դա Ռուսաստանն է, այլ քանի որ հայ ժողովուրդը չի ցանկանում Լեռնային Ղարաբաղում տեղակայվեն որևէ երկրի զինված ուժեր: Շատերի կարծիքով, Հայաստանի վարչապետը հենց այդ պատճառով օգնություն չի խնդրում Ռուսաստանից:
– Ինչպե՞ս պետք է կարգավորվի Ղարաբաղի հարցը, Հայաստանում սկսել են խոսել նաև Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին…
– Հայկական կողմում իրականացվում է երկու գործընթաց: Մեկը հրապարակավ է, մյուսը՝ գաղտնի: Ինչպես գիտեք, պատերազմի պայմաններում անհնար է ամեն բան հանրայնացնել: Կան նաև առաջարկներ, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչի որպես անկախ պետություն: Սա քննարկում է նաև կառավարությունը, սակայն կա մասնագետների, փորձագետների և հասարակության անդամների մեծ խումբ, որոնք համարում են, որ Լեռնային Ղարաբաղը և հետագայում ազատագրված 7 շրջանները ևս պետք է ընդգրկվեն Հայաստանի Հանրապետության կազմ: Դրա օրինական հիմք են անվանում ՄԱԿ-ի նախորդող կազմակերպության, Ազգերի լիգայի կողմից 1920 թվականի փետրվարի 24-ին ընդունված փաստաթուղթը:
– Եվ վերջում, ցանկանում եմ հարցնել Վրաստանի վարչապետի առաջարկի մասին, ով հանդես էր եկել բանակցություններում միջնորդի դեր խաղալու նախաձեռնությամբ…
– Հայաստանում դրական են գնահատում Վրաստանի առաջարկը: Վրաստանը և Հայաստանն ունեն բարիդրացիական հարաբերություններ: Վրաստանը բարեկամություն է անում նաև Ադրբեջանի հետ: Ուստի տրամաբանական է, որ Վրաստանը շահագրգռված է խաղաղության վերականգմամբ, սակայն պետք է գիտակցենք, որ մինչև ռազմաճակատում իրավիճակը չփոխվի, բանակցությունների մասին խոսելն ավելորդ է: Հնարավոր է, այժմ Ադրբեջանի համար իրավիճակն այլևս շահավետ չէ, քանի որ ադրբեջանական կողմն ունի մեծ կորուստներ: Հնարավոր է, նրանք մտածում են բանակցությունների մասին, սակայն այս իրավիճակն անընդունելի է նաև Հայաստանի համար, քանի որ լուրջ առաջընթաց Հայաստանը չունի կամ այդ մասին դեռևս բացեիբաց չեն խոսում: Սակայն Երևանում կան ասեկոսեներ, որ Հայաստանին հաջողվել է ազատագրել մեծ տարածքներ: Հայաստանը միայն այն դեպքում կընդունի Վրաստանի առաջարկը, եթե դա կունենա ռազմական առումով դրական արդյունք: Հայաստանի ոչ մի իշխանությունը չի համաձայնի ստատուս քվոյի վերականգնմանը: