Հայաստանում հույս են հայտնում, որ Լարսի այլընտրանքային գործարկման հարցը պարզվելու է աշնանը
Հայաստանում հույս են հայտնում, որ Լարսի այլընտրանքային գործարկման հարցը պարզվելու է աշնանը: Այս մասին լրագրողներին է հայտնել Հայաստանի վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը:
Խառատյանի խոսքով, հնարավոր այլընտրանքային ճանապարհի թեմայով զրույցն ընթանում է Վրաստանի և Ռուսաստանի հետ, իսկ շվեյցարական ընկերության հետ բեռների մոնիտորինգի հարցով կնքված պայմանագրից հետո այդ տեսանկյունից սպասում են նորույթների:
«Աշնանը պարզ կլինի, հնարավոր է, թե ոչ այլընտրանքային ճանապարհի գործարկումը: Տեղյակ եք, որ Լարսում շատ լուրջ խցանումներ են: Վերջին ամիսներին մեքենաներն ստիպված են ժամեր շարունակ սպասել, մինչև 10 ժամ: Անհրաժեշտ է որևէ որոշում կայացնել»,- նշել է Խառատյանը:
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հայտարարությամբ, Լարսի խնդիրը Հայաստանի արտահանման համար խանգարող գործոն է:
«Լարսը՝ խնդիր է արտահանման ծավալի համար: Օրինակ, առանց Լարսի խնդրի, դեպի Եվրասիական տնտեսական միության երկրներ կավելանար գյուղատնտեսական ապրանքի արտահանումը»,- հայտարարել է Գրիգորյանը:
Փոխվարչապետի խոսքով, անհրաժեշտ է այլընտրանքային հնարավորություններ փնտրել կամ կատարելագործել առկա երթուղիների վարչական պատնեշները: