Հայաստանի պաշտպանության նախարարությունը և գլխավոր շտաբը տարածում են հայտարարություն
Հայաստանի պաշտպանության նախարարությունը և գլխավոր շտաբը տարածում են հայտարարություն: Տեղի մամուլի կողմից տարածված հայտարարության մեջ նշված է, որ գերատեսչությունները բոլորին կոչ են անում, «զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են խարխլել պետականության հիմքերը»:
«Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծվեց պատերազմ, որն աննախադեպ էր՝ ներգրավված ուժերի, միջոցների, սպառազինության քանակի ու տեսակի առումով։ Այն աննախադեպ էր նաև այն տեսանկյունից, որ մեր բանակը, փաստացի, կռվում էր ոչ միայն 10-ը միլիոնանոց Ադրբեջանի զինված ուժերի, այլև Թուրքիայի ռազմական անմիջական մասնակցության և լիարժեք ու անվերապահ քաղաքական, ռազմական ու դիվանագիտական աջակցության, ինչպես նաև մի քանի հազար վարձկան-ահաբեկիչների դեմ։
Մեր բանակը, այս պայմաններում, արեց հնարավորն ու անհնարինը՝ հակառակորդին դիմագրավելու համար։ Հայկական բանակի ամեն մի զինվոր, սպա ու գեներալ Հայրենիքի պաշտպանության համար արեց առավելագույնը՝ անմնացորդ նվիրվելով այդ պայքարին ու կերտելով բազմաթիվ հերոսական պատմություններ։ Այս պատերազմը մեզանից խլեց մեր լավագույն որդիներին, որոնց հիշատակը հավերժ կմնա բոլորիս սրտերում՝ որպես մեր ժամանակների իրական հերոսների։
Ձեզանից յուրաքանչյուրը պետք է վստահ լինի, որևէ մեկի մոտ կասկածի նշույլ անգամ չպետք է լինի, որ մեր բանակն արել է հնարավորն ու անհնարինը։
Բայց ժամանակն է դադարեցնել արյունահեղությունը։ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունները եկել են համաձայնության, որի բովանդակությանն արդեն ծանոթ եք։ Պատերազմը լիարժեք չի ավարտվել, և մարտական գործողություններն Արցախում դեռևս շարունակվում են։ Այդուհանդերձ, մենք պաշտպանում ենք և պարտավոր ենք կատարել մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարության որոշումները, որոնք կայացվել են իրադրության բազմակողմանի վերլուծության և գնահատականի հիման վրա։ Մենք պարտավոր ենք կանգնեցնել արունահեղությունը։ Մենք պարտավոր ենք գտնել մեր բոլոր հերոսների մարմիններն ու նրանց, զինվորական պատվով, հողին հանձնել։ Պատերազմն ավարտվում է։ Բանակն իր անելիքն արել է և շարունակելու է անել անմնացորդ։
Կոչ ենք անում զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են խարխլել պետականության հիմքերը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուշ գիշեր հայտարարեց, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրել է համաձայնագիր, որը նախատեսում է Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների դադարեցում: Հայաստանի վարչապետի հայտարարությանը Երևանում հետևել է բողոք: Երևանի Հանրապետության հրապարակում հավաքվել են հարյուրավոր մարդիկ: Ցուցարարների միի մասը ներխուժել է կառավարության տուն: Ցուցարարները ֆիզիկական հաշվեհարդար են տեսել Հայաստանի խորհրդարանի նախագահի հետ: Հայաստանի վարչապետը քիչ անց տարածված հայտարարության մեջ նշել է, որ այլ ելք չուներ:
Համաձայնությանը տոն է հետևել Բաքվի փողոցներում: Հայտարարությամբ է հանդես եկել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ում խոսքով, «Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում դրվել է վերջակետ»: Ալիևի մեկնաբանմամբ, համաձայնության կետերից մեկը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ խաղաղարար առաքելությունն է:
Արդեն հրապարակվել է նաև կնքված համաձայնագրի տեքստը: 9 կետից բաղկացած համաձայնագրի կետերից մեկը Լեռնային Ղարաբաղում մոտ 2000 ռուս խաղաղապահի տեղակայում է նախատեսում: