Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «Եվրամիությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացն սկսելու մասին» օրինագծին
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «Եվրամիությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացն սկսելու մասին» օրինագծին։
Հարցը ներկայացրել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ օրենքի նախագիծը Ազգային ժողով է ներկայացվել որպես քաղաքացիական նախաձեռնություն, և այժմ կառավարությունը պետք է իր դիրքորոշումը հայտնի։
«Դուք, պարոն վարչապետ, Եվրախորհրդարանում էլ հայտարարեցիք, որ Հայաստանը պատրաստ է ավելի մոտ լինել Եվրամիությանը, այնքանով, որքանով Եվրամիությունը հնարավոր է համարում։ Նկատի ունեմ վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկը և մի շարք այլ գործիքներ, որոնք կիրառվում կամ քննարկվում են Եվրամիության հետ։ Այս ամենից ելնելով առաջարկում ենք դրական արձագանք»,- ասաց Արարատ Միրզոյանը։
Իր հերթին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հնարավոր է միայն ազգային հանրաքվեի միջոցով։
«Կառավարության դե յուրե դիրքորոշումն այն է, որ կառավարությունն առարկություն չունի այս օրենսդրության նկատմամբ, բայց ես ուզում եմ նաև նշել, թե դա ինչ է նշանակում։ Սա չի նշանակում Հայաստանի անդամակցություն Եվրամիությանը՝ բառիս բուն իմաստով, քանի որ այս կետին հասնելը կամ այս հարցում որոշում կայացնելը չի կարող լինել օրենքի կամ նույնիսկ կառավարության որոշման մակարդակով։ Որոշումը կարող է կայացվել միայն հանրաքվեի միջոցով, այլ ճանապարհ չկա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։