Հայաստանի իշխանությունները պետք է դադարեն ասել, որ Ղարաբաղը Հայաստան է. Իլհամ Ալիև
Հայաստանի կառավարությունը պետք է դադարի ասել, որ Ղարաբաղը Հայաստան է,- այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է «Եվրոնյուս» հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
«Իմ նախագահության ընթացքում ես տասնյակ բանակցություններ եմ վարել Հայաստանի երկու նախկին նախագահների և ներկայիս վարչապետի հետ: Նախորդ քննարկումներում մենք մշակել ենք հակամարտության կարգավորման սկզբունքներ: Եղել ենք կառուցողական»,- ասել է Ալիևը:
Սակայն նրա խոսքով, երկու տարի առաջ «հեղաշրջման արդյունքում իշխանության եկած» Նիկոլ Փաշինյանը ոչնչացրեց բանակցային գործընթացը:
«Ես բազմիցս հանդիպել եմ նրան, բայց այս հանդիպումներն անիմաստ էին: Նա ինձ ասաց, որ չի վերադարձնի տարածքները, ասել է, որ դրանք պետք է միանան Հայաստանին»,- հայտարարել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահի խոսքով, Հայաստանի կառավարությունը պետք է փոխի իր դիրքորոշումը և հրաժարվի մաքսիմալիստական դիրքորոշումից: Պետք է դադարեն ասել, որ Ղարաբաղը Հայաստան է»:
Ըստ Ալիևի, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը մեկնում է Ժնև՝ հանդիպելու Մինսկի խմբի դեսպաններին, որտեղ պետք է մեկներ նաև Հայաստանի ներկայացուցիչը այս ամսվա սկզբին, սակայն նա անտեսեց այդ հնարավորությունը, ինչը վկայում է այն մասին, որ Հայաստանը չի ցանկանում բանակցել: