Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնական գերատեսչություններում հայտարարում են, որ սահմանին համեմատաբար խաղաղ է
Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, այժմ Հայաստանի սահմանին, Տավուշի մարզում իրավիճակը հարաբերական խաղաղ է: Ինչպես ասվում է գերատեսչության տարածած հայտարարության մեջ, սոցիալական ցանցերով և բջջային հավելվածներով առաջնագծում ստեղծված իրավիճակի վերաբերյալ տարածվում է կեղծ և անհիմն տեղեկություն:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մամուլի ներկայացուցիչներին և սոցիալական ցանցերի օգտատերերին կոչ է անում, չտարածել «անհիմն սադրիչ տեղեկություններ» և հենվել միայն պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկության վրա:
Իր հերթին, Հայաստանի ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի համակարգող Արծրում Հովհաննիսյանը ուշ գիշեր անցկացված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանին, Տավուշի մարզում լարվածությունը նվազել է:
«Այս համեմատական անդորրը սկսվել է մոտ ժամը 18:00-ից: Շատ քիչ են կրակոցները և չեն կիրառում մեծ տրամաչափի զենք: Այսինքն լարվածությունը նվազել է»,- հայտարարել է Հովհաննիսյանը:
Հայաստան-Ադրբեջան սահմանին իրավիճակը սրվել էր հուլիսի 12-ին: Երկու կողմերում էլ կան զոհեր: