Հայաստանը Ադրբեջանին մեղադրում է տարածքային ամբողջականությունը խախտելու մեջ
Երևանում, Հայաստանի վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ։ Խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ նոյեմբերի 14-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զինտեխնիկայի կիրառմամբ ներխուժել են հայկական տարածքի արևելյան սահմանային գոտի և արգելափակել Հայաստանի զինված ուժերի չորս մարտական դիրքեր։
Ինչպես նշվեց, միջադեպից հետո ընթացող բանակցությունների արդյունքում ադրբեջանական զորամասերն ու տեխնիկան լքել են զբաղեցրած տարածքը, իսկ Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ մարտական դիրքերից։
Հայաստանի անվտանգության խորհուրդը խնդրել է Ռուսաստանի դաշնությանը, հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և միջազգային համադաշնությանը, ուշադիր հետևել ստեղծված իրավիճակին և ընդգծել է, որ Ադրբեջանի գործողություններն ուղղված են եղել ՝ երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և տարածաշրջանի անվտանգության կայունության դեմ:
Անվտանգության խորհուրդն ընդգծել է, Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում գոյություն ունեցող լարված իրավիճակի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, որը ենթադրում է Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի Դե յուրե սահմանային գոտուց զինված ուժերի դուրս բերում, սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկ:
Նշենք, որ երեկվա իրադարձությունների պատճառով Հայաստանի վարչապետը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին։ Նրա փոխարեն նշանակվել է Սուրեն Պապաքյանը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան արձագանքել է Հայաստանի Անվտանգության խորհրդի հայտարարությանը և սահմանին լարված իրավիճակի համար մեղադրել Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Աբդուլաևայի խոսքով՝ ադրբեջանցի զինվորականները հերթապահում են երկրի ինքնիշխան տարածքում և համապատասխան միջոցներ են ձեռնարկվել՝ ի պատասխան Հայաստանի կողմից վերջին սադրանքների։