Հավակնորդների մրցաշար․ Կարուանան՝ միանձնյա առաջատար
Հավակնորդների մրցաշար․ Կարուանան՝ միանձնյա առաջատար

Բեռլինում ավարտին մոտեցող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում չորրորդ հանգստյան օրվանից հետո մարտի 26-ին անցկացվեց նախավերջին՝ 13-րդ տուրը։

Հայկական շախմատի առաջատարը սև խաղաքարերով մրցեց ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի հետ և պարտվեց 39-րդ քայլում։ Արոնյանը Կարուանային պարտվել էր նաև առաջին շրջանում։

Այս հաղթանակից հետո Կարուանան վաստակեց 8 միավոր և միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ 2-3-րդ տեղերը բաժանող Սերգեյ Կարյակինն ու Շաքրիյար Մամեդյարովն ունեն 7․5-ական միավոր։

Հավակնորդների մրցաշար, 13-րդ տուր

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) ) – Լևոն Արոնյան (Հայաստան)՝ 1։0

Ուեսլի Սո (ԱՄՆ) – Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 0․5։0․5

Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) – Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)՝ 1։0

Դին Լիրեն (Չինաստան) – Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 0․5։0․5

Մրցաշարային դրությունը 13-րդ տուրից հետո. Կարուանա՝ 8 միավոր, Կարյակին, Մամեդյարով՝ 7.5-ական, Դին Լիրեն՝ 7 Գրիշչուկ՝ 6․5, Կրամնիկ՝ 6, Սո՝ 5․5, Արոնյան՝ 4:

Երկու շրջանով անցկացվող հավակնորդների մրցաշարի մրցանակային հիմնադրամը 420 հազար եվրո է: Հավասար միավորների դեպքում, հաղթողը կորոշվի անձնական հանդիպումների, հաղթանակների քանակի, Զոնեբորն-Բերգերի գործակցի հաշվարկով: Բացարձակ հավասարության դեպքում, մարտի 28-ին կանցկացվի թայ-բրեյք: Պարտիաների ժամանակի հաշվարկը. 100 րոպե՝ առաջին 40 քայլին, 50 րոպե՝ հաջորդ 20 քայլին և 15 րոպե՝ մինչեւ պարտիայի ավարտը ամեն քայլին 30 վայրկյանի ավելացմամբ:

Հավակնորդների մրցաշարի հաղթողն իրավունք կստանա այս տարվա նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում կայանալիք մրցամարտում աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ վիճարկել համաշխարհային թագը։