Հատուկ քրեակատարողական ծառայությունը հայտարարություն է տարածում դատապարտյալ Գիորգի Դավիթաձեի վերաբերյալ
Հատուկ քրեակատարողական ծառայությունը կտրականապես հերքում է դատապարտյալ Գիորգի Դավիթաձեի տարածած ապատեղեկատվությունը, թե իբր №6 քրեակատարողական հիմնարկի վարչակազմի աշխատակիցների կողմից նրա նկատմամբ սեռական բռնություն է կիրառվել,- այս մասին նշված է Հատուկ քրեակատարողական ծառայության տարածած հայտարարության մեջ:
Հատուկ քրեակատարողական ծառայությունն արձագանքել է «ՏՎ Պիրվելի»-ի տարածած տեղեկատվությանը, ըստ որի՝ «դատապարտյալ Գիորգի Դավիթաձեն Վերաքննիչ դատարանում հայտարարել է իր նկատմամբ կիրառված սեռական բռնության մասին»:
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, սա կատարյալ սուտ է և Դավիթաձեների ընտանիքի կողմից սկսված՝ քրեակատարողական համակարգի վարկաբեկման շարունակությունը:
«Այստեղ նշում ենք նաև, որ, հաշվի առնելով հանրային բարձր հետաքրքրությունը, պատրաստ ենք օրենսդրությամբ սահմանված կարգով հրապարակել համապատասխան տեսագրությունները, որպեսզի հասարակությանն անձամբ հնարավորություն տրվի տեսնելու դեէսկալացիոն սենյակում դատապարտյալ Դավիթաձեի տեղավորման և այնտեղ գտնվելու ժամանակահատվածն արտացոլող կադրերը:
Հատուկ քրեակատարողական ծառայությունը հայտարարում է, որ գերատեսչության յուրաքանչյուր աշխատակցի կողմից ցանկացած տեսակի բռնություն կամ մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք անթույլատրելի է, և նման փաստի առկայության դեպքում դրան կհետևի համապատասխան իրավական արձագանք, սակայն, ինչպես նշված է Դավիթաձեի վերաբերյալ մի քանի օր առաջ տարածված հայտարարության մեջ, նշված տեսանյութն ուսումնասիրվել է ինչպես քննության, այնպես էլ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչի կողմից, և հանցագործության հատկանիշներ չեն ի հայտ եկել: Դավիթաձեի նկատմամբ ոչ թե սեռական, այլ ընդհանրապես որևէ տեսակի բռնություն տեղի չի ունեցել»,- նշված է հայտարարության մեջ: