Հատուկ քրեակատարողական ծառայությունը հայտարարություն է տարածել
Հատուկ քրեակատարողական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում արձագանքում է առանձին կողմնակալ լրատվամիջոցների կողմից տարածված հերթական ապատեղեկատվությանը՝ կապված Քսանի թիվ 15 քրեակատարողական հիմնարկում քոսով և տուբերկուլոզով վարակման դեպքերի վերաբերյալ։
Ծառայության տեղեկացմամբ՝ այս պահին Քսանի թիվ 15 հիմնարկում ոչ քոսի, ոչ էլ տուբերկուլոզի որևէ դեպք արձանագրված չէ։
«Հանրությանը տեղեկատվություն տրամադրելու նպատակով առանձնահատուկ ընդգծում ենք, որ այսօրվա դրությամբ Քսանի թիվ 15 քրեակատարողական հիմնարկում ոչ քոսի, ոչ էլ տուբերկուլոզի որևէ դեպք արձանագրված չէ։
Նշանակալի է, որ վերջին շրջանում որոշ կողմնակալ լրատվամիջոցների և անձանց կողմից ավելացել են քրեակատարողական ծառայության գործունեությունը վարկաբեկելու նպատակով արված զրպարտիչ հայտարարությունների միջոցով հանրային կարծիքի մանիպուլյացիայի փորձերը։
Հատուկ քրեակատարողական ծառայությունը ևս մեկ անգամ կոչ է անում բոլոր շահագրգիռ անձանց և լրատվամիջոցներին՝ ձեռնպահ մնալ չճշգրտված և անհիմն տեղեկատվության տարածումից, ինչը մոլորության մեջ կարող է գցել ոչ միայն հանրությանը, այլ նաև մեղադրյալների/դատապարտյալների ընտանիքի անդամներին», – նշված է հայտարարության մեջ։