Հարավային Կորեան Ուկրաինայից հետ կկանչի իր դեսպանին

15:21, 08.10.2026
Հարավային Կորեան Ուկրաինայից հետ կկանչի իր դեսպանին։ Տեղեկությունը հայտնում է «Ռոյթերս»-ը՝ հղում անելով Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությանը։
«Կառավարությունը որոշում է կայացրել հայրենիք հետ կանչել Ուկրաինայում Կորեայի Հանրապետության դեսպանին։ Կառավարությունը հույս ունի, որ երկու երկրների միջև առկա բոլոր հարցերը հաջողությամբ կլուծվեն, և այդ նպատակին հասնելու համար կշարունակի խորհրդատվությունները ուկրաինական կողմի հետ»,- հայտարարել են Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունում։
Ի գիտություն՝ Սեուլում կտրուկ բացասական արձագանք է առաջացրել Կիևի կողմից Հարավային Կորեային երկու հյուսիսկորեացի ռազմագերիների փոխանցման մասին տեղեկատվության հրապարակումը։ Ինչպես հայտնի է, նրանք կռվում էին Ռուսաստանի կողմում և ուկրաինացիների կողմից գերեվարվել էին անցյալ տարվա սկզբին։
Հարավային Կորեայի իշխանությունները մտավախություն ունեն, որ տեղեկատվության հրապարակման պատճառով ռազմագերիների ընտանիքի անդամները կարող են դառնալ Հյուսիսային Կորեայի իշխանությունների թիրախը։
Շաբաթվա սկզբին Հարավային Կորեան հայտարարել էր, որ Ուկրաինայից ներողություն է ստացել տեղեկատվության հրապարակման համար։ Սակայն Սեուլը ներողությունը համարել էր ոչ բավարար և հայտարարել, որ «վճռական միջոցներ» կձեռնարկի։
Երկու հյուսիսկորեացի ռազմագերիների՝ Հարավային Կորեային փոխանցման մասին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր սեպտեմբերի 23-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում ունեցած ելույթի ժամանակ։ Զելենսկիի խորհրդական Դմիտրո Լիտվինը նշել էր, որ Կիևի և Սեուլի միջև տեղեկատվությունը գաղտնի պահելու վերաբերյալ համաձայնություն չի եղել, և «սխալ կլիներ թաքցնել, թե ուր են հայտնվում կոնկրետ ռազմագերիները»։

Նմանատիպ