Հաքան Ֆիդան. Մենք դեմ ենք Իրանում ռազմական միջամտությանը, Իրանը պետք է ինքնուրույն լուծի իր ներքին խնդիրները
Հաքան Ֆիդան. Մենք դեմ ենք Իրանում ռազմական միջամտությանը, Իրանը պետք է ինքնուրույն լուծի իր ներքին խնդիրները

Թուրքիան դեմ է Իրանում ռազմական միջամտությանը և առաջնահերթ համարում է ապակայունացման կանխումը, – այս մասին Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

Նրա խոսքով՝ Թուրքիան շարունակելու է դիվանագիտական նախաձեռնություններ՝ իրավիճակի կարգավորման նպատակով։ Միաժամանակ, Ֆիդանը նշել է, որ Անկարան հույս ունի, թե Իրանը և ԱՄՆ-ը կկարողանան հասնել հակամարտության ավարտին։

«Մենք դեմ ենք Իրանում ռազմական միջամտությանը։ Իրանը պետք է ինքնուրույն լուծի իր ներքին խնդիրները։ Հենց այդ պատճառով մեր առաջնահերթությունն է լիովին կանխել ցանկացած իրավիճակ, որը կարող է հանգեցնել ուժի կիրառման։ Մենք անկեղծորեն ցանկանում ենք, որ խնդիրները կարգավորվեն երկխոսության միջոցով։ Կարծում եմ՝ Իրանում լայնածավալ ապակայունացումը շատ լուրջ մարտահրավեր կլինի ողջ տարածաշրջանի համար», – նշել է Ֆիդանը։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ վերջին օրերին Ֆիդանը երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր գործընկեր Աբաս Արաղչիի հետ։ Ըստ մամուլի, Ֆիդանը հատկապես շեշտել է տարածաշրջանային լարվածության կարգավորման նպատակով բանակցությունների անհրաժեշտությունը։ Թուրքիայի դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ Անկարան մշտական կապի մեջ է նաև ԱՄՆ պաշտոնյաների հետ, քանի որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև ուղիղ հաղորդակցությունը դադարեցված է։

Նշենք, որ Թեհրանը նախազգուշացրել է իր հարևաններին, այդ թվում՝ Թուրքիային, որ կհարվածի Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ռազմական բազաներին, եթե Վաշինգտոնը հարվածի Իրանին։