Գրենլանդիայի խորհրդարանի քաղաքական կուսակցությունների առաջնորդները հայտարարել են, որ խորհրդարանը արտակարգ նիստ կանցկացնի՝ ԱՄՆ սպառնալիքները քննարկելու համար
Գրենլանդիայի խորհրդարանի քաղաքական կուսակցությունների առաջնորդները հայտարարել են, որ խորհրդարանը արտակարգ նիստ կանցկացնի՝ ԱՄՆ սպառնալիքները քննարկելու համար

Գրենլանդիայի խորհրդարանը նախատեսում է նիստ հրավիրել՝ ԱՄՆ-ի սպառնալիքների քննարկման նպատակով։ Այս մասին նշվում է Գրենլանդիայի ասամբլեայի հինգ քաղաքական կուսակցությունների ղեկավարների համատեղ հայտարարությունում։

Հայտարարության մեջ նշված է, որ գրենլանդացիները պետք է իրենք որոշեն իրենց ապագան՝ առանց արտաքին ճնշման կամ միջամտության։

«Մենք կրկին ընդգծում ենք մեր ցանկությունը, որ ԱՄՆ-ը դադարեցնի մեր երկրի նկատմամբ անպատշաճ վերաբերմունքը։ Մենք չենք ցանկանում լինել ամերիկացիներ, չենք ցանկանում լինել դանիացիներ — մենք ցանկանում ենք լինել գրենլանդացիներ։ Մեր երկրի ապագան պետք է որոշենք մենք՝ առանց ճնշման կամ այլ երկրների միջամտության», – նշված է հայտարարությունում, որը հրապարակել է Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը սոցիալական մեդիայում։

Գրենլանդիայի խորհրդարանական նիստը նախատեսված էր փետրվարի 3-ին, սակայն կուսակցության առաջնորդները հայտնել են, որ այն կանցկացնեն շուտով։ Նիստի ճշգրիտ ամսաթիվը դեռ հայտնի չէ։

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Վենեսուելայում անցկացված ռազմական գործողությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին ակտիվորեն սկսել է բարձրաձայնել Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողության ցանկության մասին։ Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիտը հայտարարել է, որ նախագահը և իր խորհրդականները քննարկում են Գրենլանդիան ձեռք բերելու մի քանի տարբերակներ։ Ի պատասխան, Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը զգուշացրել է, որ ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիայի բռնի անեքսիայի փորձը կդառնա ՆԱՏՕ-ի վերջի սկիզբ։