Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միկանաձեն հանդիպել է Վրաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Օլիվիե Կուրտին։
Նախարարը հաջողություններ է մաղթել դեսպանին նոր պաշտոնում և ընդգծել, որ Վրաստանին ու Ֆրանսիային միավորում է երկարամյա արդյունավետ համագործակցություն։
Գիվի Միկանաձեի խոսքով՝ երկու երկրի համատեղ ջանքերով կրթության ոլորտում իրականացվում են բազմաթիվ կարևոր նախագծեր։
Նա դեսպանին ներկայացրել է բարձրագույն կրթության հիմնարար բարեփոխումների հիմնական ուղղությունները, որոնք հանրությանը հրապարակայնորեն էր ներկայացրել վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Ծանոթության նպատակով կայացած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կրթության բոլոր մակարդակներում համագործակցության խորացման ուղիները, այդ թվում՝ երիտասարդների համար նորարարական նախագծերի առաջխաղացումը, համատեղ գիտական-հետազոտական ծրագրերի իրականացումը և Վրաստանի դպրոցներում ֆրանսերեն լեզվի ուսուցման ընդլայնումը։
Ֆրանսիայի դեսպանը, իր հերթին, կարևորել է Վրաստանում գործող ֆրանսիական-վրացական համալսարանի դերը՝ ֆրանսերեն լեզվի և մշակույթի տարածման տեսանկյունից։
Հանդիպման ավարտին կողմերը հայտնել են ապագայում գործընկերության խորացման պատրաստակամությունը։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի կրթության նախարարության մամուլի ծառայությունը։