Գիդեոն Սաար – Իսրայելի դեսպանատան աշխատակիցների սպանությունը հակասեմական քարոզչության ուղղակի արդյունք է, որը ատելություն է տարածում իսրայելական առաքելությունների նկատմամբ, հատկապես Եվրոպայում
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցների սպանությունը հակասեմական քարոզչության ուղղակի արդյունք է, որը զարգացել է 2023 թվականի հոկտեմբերին Համասի հարձակումից հետո։
Գիդեոն Սաարը մեղադրեց միջազգային կազմակերպությունների ղեկավարներին և պաշտոնյաներին, «հատկապես Եվրոպայից», թշնամական տրամադրություններ տարածելու մեջ։
«Վերջերս մենք տեսանք ահաբեկչական հարձակումների և փորձերի աննախադեպ ալիք ամբողջ աշխարհում, մասնավորապես Եվրոպայում, ընդդեմ Իսրայելի առաքելությունների: Այս ատելությունը տարածում են բազմաթիվ երկրների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներն ու պաշտոնյաները, մասնավորապես՝ Եվրոպայից», – ասաց Իսրայելի արտգործնախարարը:
Վաշինգտոնի կենտրոնում՝ Հրեական թանգարանի մոտ, սպանվել են Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցներ։ BBC-ի փոխանցմամբ՝ տղամարդու և կնոջ վրա հարձակումը տեղի է ունեցել, երբ նրանք դուրս էին գալիս Հրեական թանգարանում կազմակերպված միջոցառումից։ Կասկածյալն արդեն ձերբակալված է։ Ոստիկանության տվյալներով՝ ձերբակալությունից հետո տղամարդը վանկարկել է «Ազատություն Պաղեստինին»։
Իսրայելի դեսպանատների դրոշները կիսով չափ կիջեցվեն՝ ի հիշատակ զոհվածների։