Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդները պահանջում են ստեղծել աշխատանքային խումբ, որը կնախապատրաստի «Ալտերնատիվ Գերմանիայի համար» կուսակցության արգելման հարցի ուսումնասիրման համար անհրաժեշտ ընթացակարգը

23:01, 29.09.2026
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) առաջնորդները հանդես են գալիս աջակողմյան «Ալտերնատիվ Գերմանիայի համար» (AfD) կուսակցության արգելման հնարավորության պաշտոնական քննարկում սկսելու նախաձեռնությամբ։
«Ժողովրդավարությանը վտանգ է սպառնում ներսից», – հայտարարում են Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդները։
Սոցիալ-դեմոկրատական կուսակցության բանաձևում «Ալտերնատիվ Գերմանիայի համար» կուսակցությունը հիշատակվում է որպես աջակողմյան-ծայրահեղական կուսակցություն։ Փաստաթղթի համաձայն՝ «այն համակարգված կերպով հակադրվում է Գերմանիայի ազատ հասարակությանը, նպաստում ռասիզմի նորմալացմանը և փորձում ներսից թուլացնել երկրի ժողովրդավարական կարգը»։
Առաջնորդները պահանջում են ստեղծել Դաշնային կառավարության և դաշնային հողերի ներկայացուցիչների համատեղ աշխատանքային խումբ, որը մինչև տարեվերջ կնախապատրաստի «Ալտերնատիվ Գերմանիայի համար» կուսակցության արգելման հարցի ուսումնասիրման համար անհրաժեշտ ընթացակարգը։
«Գնահատման ընթացակարգի նախապատրաստումը իրավական անհրաժեշտություն է, որը պայմանավորված է մեր սահմանադրության պաշտպանությամբ։ Սա համարում ենք մեր ժողովրդավարական պարտականությունը», – նշում են առաջնորդները։
Նախաձեռնությանն արձագանքել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ Նրա խոսքով՝ հարցի ուսումնասիրությունը կարևոր է, քանի որ ժողովրդավարական համակարգը կարող է վնասվել նաև երկրի ներսից։

Նմանատիպ