Գերմանացի պաշտոնյաները կոչ են անում սահմանափակել պիրոտեխնիկայի օգտագործումը և խստացնել պատիժը շտապօգնության աշխատակիցների վրա հարձակումների համար

16:43, 04.01.2025

Գերմանացի պաշտոնյաները կոչ են անում սահմանափակել պիրոտեխնիկայի օգտագործումը և խստացնել պատիժները շտապ օգնության ծառայությունների աշխատակիցների վրա հարձակումների համար: Այս մասին տեղեկություն է հրապարակում «Euronews»-ը։

Գերմանիայում հիշյալ նախաձեռնությունը օրակարգ է մտցվել այն բանից հետո, երբ ամբողջ երկրում Ամանորի գիշերը հինգ մարդ զոհվեց, տասնյակ քաղաքացիներ ու ոստիկաններ վիրավորվեցին։

Պաշտոնյաները մասնավորապես նշում են պիրոտեխնիկայի օգտագործման արգելքը, որոնք օրինականորեն թույլատրվում են միայն պրոֆեսիոնալ հրավառության համար։ Այսպես կոչված ռումբերը Գերմանիա ներմուծվում են հիմնականում հարևան երկրներից՝ Լեհաստանից և Չեխիայից, և մասնավոր անձանց կողմից դրանց օգտագործումը երկրում արգելված է։

Քաղաքական գործիչները կոչ են անում խստացնել սահմանային հսկողությունը՝ ապօրինի պիրոտեխնիկայի օգտագործումը զսպելու համար: Ըստ «Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության» անդամ Բուրկարդ Դրեգերի՝ այս տարի վնասման հիմնական պատճառ է դարձել այսպես կոչված ռումբերի օգտագործումը։

«Արգելված պիրոտեխնիկայի ներմուծումը հարևան երկրներից արևելք պետք է դադարեցվի՝ խստացնելով սահմանային հսկողությունը»,- ասել է Դրեգերը գերմանական լրատվամիջոցներին։

Հրավառություններից մահերը, ինչպես նաև պիրոտեխնիկայի օգտագործումը սահմանափակելու կոչերը նորություն չեն Գերմանիայում: Երկրում պիրոտեխնիկայի օգտագործումը թույլատրվում է Ամանորի գիշերը որոշակի ժամկետով։ Պիրոտեխնիկների ասոցիացիան նշում է, որ մահերի և վնասվածքների մեծ մասը ապօրինի կամ ինքնաշեն պիրոտեխնիկայի օգտագործման հետևանք է և կապված չէ խանութներում օրինական վաճառվող պիրոտեխնիկայի հետ:

Ամանորի գիշերը Գերմանիայում շտապօգնության աշխատակիցների նկատմամբ կիրառվել են նաև պիրոտեխնիկա։ Բեռլինում առճակատումների ու հարձակումների ժամանակ ձերբակալվել է 400 մարդ, ինչի արդյունքում տուժել է 30 ոստիկան։ Արտակարգ ծառայությունները հայտնել են նաև պիրոտեխնիկական հարձակումների մասին Համբուրգում, Լայպցիգում, Քիլում և Քյոլնում:

Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեյզերը «Bild» հրատարակությանը հայտնել է, որ պետք է ավելի խիստ պատիժներ սահմանել շտապօգնության աշխատակիցների վրա հարձակման մեղավորների համար։

Նախարարի խոսքով՝ մինչև փետրվարին նշանակված ընտրությունները պետք է հաստատվի օրինագիծը։ Միաժամանակ ավելի քան 270 հազար քաղաքացիներ ստորագրել են առցանց խնդրագիր՝ մասնավոր պիրոտեխնիկայի ամբողջական արգելքի պահանջով։

Հունվարի 3-ին հրշեջների հետ հանդիպման ժամանակ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ նոր կանոնակարգեր են անհրաժեշտ։

Նմանատիպ