Գեկա Գելաձե. Շնորհակալություն իրավապահ մարմինների աշխատակիցներին հոկտեմբերի 4-ին օրենքի և կարգուկանոնի բարձր չափանիշները պահպանելու համար, մենք ամենախիստ միջոցները կձեռնարկենք նրանց նկատմամբ, ովքեր խաթարում են երկրի կայունությունը

18:41, 17.10.2025

«Ցանկացած անձ, ով կդիմի գործողությունների պետության դեմ կամ կհարձակվի իրավապահի վրա, օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության կենթարկվի», – այս մասին հայտարարել է Վրաստանի ՆԳ նախարար Գեկա Գելաձեն գերատեսչությունում կայացած ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ իրավապահների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է ապահովել քաղաքացիների անվտանգությունը։

«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր իրավապահներին հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած դեպքերի ժամանակ հանրային անվտանգության և հասարակական կարգի բարձրագույն մակարդակով և պրոֆեսիոնալիզմով պահպանման համար։

Բոլորը հստակ տեսան, որ Ներքին գործերի նախարարության յուրաքանչյուր աշխատակից գործեց օրենքի շրջանակում՝ բարձրագույն ստանդարտով։ Սա ճիշտ և պատշաճ իրականացված ոստիկանական գործողություն էր, որի շնորհիվ կանխվեց պետության տապալման փորձը։

Մեր ոստիկանների և Պետական անվտանգության ծառայության աշխատակիցների համակարգված գործողությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Վրաստանի իրավապահ համակարգը ուժեղ և կազմակերպված է։ Մեր աշխատակիցների բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ մենք կարողացանք պահպանել քաղաքացիների անվտանգությունն ու երկրի կայունությունը։

Մենք ամենախիստ կերպով կարձագանքենք յուրաքանչյուրի նկատմամբ, ով կփորձի խաթարել մեր երկրի կայունությունը և օրենքի գերակայությունը։ Ցանկացած անձ, ով կդիմի պետության դեմ կամ կհարձակվի իրավապահի վրա, կկրի պատասխանատվություն օրենքի ամբողջ խստությամբ», – հայտարարել է Գելաձեն։

Հիշեցնենք, որ ՆԳ նախարար Գեկա Գելաձեն հայտնել է՝ հոկտեմբերի 4-ի իրադարձությունների հետ կապված ձերբակալվել է ևս 16 մարդ, ընդհանուր առմամբ՝ 62 մարդ։

Նմանատիպ