Գազայի հատվածից հրթիռակոծությունների ֆոնին Իսրայելի Բեերշևա հիվանդանոցը սկսել է նորածիններին և ծանր հիվանդներին տեղափոխել ապահով հիվանդասենյակներ
Գազայի հատվածից շարունակվող հրթիռային հարձակումների ֆոնին Իսրայելի Բեերշևա քաղաքի հիվանդանոցը սկսել է նորածիններին և ծանր հիվանդներին տեղափոխել ապահով հիվանդասենյակներ: Տեղեկությունը տարածում են տեղական լրատվամիջոցները։
«Իսլամական ջիհադի» տարածած հայտարարության համաձայն՝ խմբավորման առաջնորդ Թայզեր Ջաբարիի սպանությունից հետո Իսրայելի դեմ գործողությունների «կարմիր գծեր» չկան։
Տագնապի ահազանգեր են հնչում Գազայի հատվածին սահմանակից իսրայելական քաղաքներում, այդ թվում՝ Սդերոտում և Աշկելոնում։
Իսրայելական բանակը Գազայի հատվածում լայնածավալ ռազմական գործողության շրջանակում սպանել է «Իսլամական ջիհադ» արմատական խմբավորման առաջնորդին։ «Իսլամական ջիհադ» արմատական շարժումը Գազայի հատվածից մոտ 100 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Խմբավորման խոսնակի խոսքով՝ հրթիռների թիրախները եղել են Իսրայելի կենտրոնական և հարավային շրջանները։ Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ երկրի դեմ արձակված հրթիռները կա՛մ ընկել են բաց տարածքում, կա՛մ չեզոքացվել է հակաօդային պաշտպանության համակարգ «Երկաթե գմբեթ»-ի կողմից։ Իսրայելական շրջաններում տագնապի ազդանշաններ են հնչել։ «Իսլամական ջիհադի» ներկայացուցիչները պնդում են, որ սա միայն Իսրայելի դեմ հարձակման սկիզբն է։