Ֆրիդրիխ Մերց. Եվրոպան պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ
Կիևը կարող է հույս դնել Եվրոպայի անսասան աջակցության վրա, ասել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
«Եվրոպայում սերտ համակարգումը երբեք այսքան կարևոր չի եղել, որքան այսօր։ Մենք չենք նվազեցնի Ուկրաինայում երկարատև և արդար խաղաղության հասնելու մեր ջանքերը։ Մենք կշարունակենք մեծացնել ճնշումը Մոսկվայի վրա։ Կիևը կարող է հույս դնել Եվրոպայի անսասան աջակցության վրա։ Եվրոպան պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ», – ասել է Մերցը։
Լրագրողի հարցին, թե ինչ է մտածում նախկին կանցլեր Անգելա Մերկելի հնարավոր մասնակցության մասին Ռուսաստանի հետ բանակցություններին, Մերցը ձեռնպահ է մնացել ուղիղ պատասխան տալուց՝ նշելով, որ նախևառաջ Ռուսաստանը պետք է պատրաստակամություն ցուցաբերի բանակցությունների համար, միայն այդ դեպքում հնարավոր կլինի միջնորդ նշանակել։
«Մինչ այժմ Ռուսաստանը բոլոր խաղաղարար նախաձեռնություններին պատասխանել է ավելի ու ավելի դաժան հարձակումներով, այդ թվում՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածներով», – ասել է Գերմանիայի կանցլերը։
Ավելի վաղ լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, որ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը դիտարկվում է որպես ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ուկրաինայում պատերազմի շուրջ բանակցություններում։ Մերկելն ինքը հրաժարվել է միջնորդի դերում հանդես գալ՝ ասելով, որ նման մոտեցումը նպատակահարմար չի համարում։ Նա նշեց, որ նման հարցերը պետք է լուծվեն ուղիղ երկխոսության միջոցով։