Ֆրանսիայում շարունակվում են դպրոցականների բողոքի ակցիաները
Ֆրանսիայում շարունակվում են դպրոցականների բողոքի ակցիաները: Երկրի կրթության նախարարության հայտարարության համաձայն՝ օրվա սկզբից 564 դպրոցում «գործադուլի կամ այլ տեսակի խափանումների պատճառով ուսումնական գործընթացը խաթարվել է»: Այս մասին տեղեկատվություն է տարածում «BBC»-ն:
Ֆրանսիայի կրթության նախարար Էդուար Ժեֆրեի հայտարարությամբ՝ Ֆրանսիայի 3 700 միջնակարգ դպրոցներից գրեթե 400-ը փակվել են, իսկ շատ դպրոցներ պլանավորում են դասերն անցկացնել հեռավար ձևաչափով:
Ֆրանսիայի քաղաքներում և բնակավայրերում բողոքի ակցիաների պատճառով խաթարված է հասարակական տրանսպորտի աշխատանքը: Լրատվամիջոցները նշում են, որ բողոքի ակցիայի մասնակիցների մեծ մասը խաղաղ ցույցեր է անցկացնում: Այնուամենայնիվ, հոկտեմբերի 1-ին մի քանի ցույցեր վերածվել են բռնի բախումների, ինչի պատճառով կառավարությունը ճգնաժամային հանդիպում է անցկացրել հետախուզական ծառայությունների հետ:
Աշակերտները ոստիկանությանը մեղադրում են ուժի գերազանցման մեջ և հայտարարում, որ բողոքի ակցիաները ցրելու համար արցունքաբեր գազի պարկուճների հաճախակի կիրառման հետևանքով մարդիկ են տուժել:
«France 24»-ի փոխանցմամբ՝ մոտ 170 աշակերտ է վիրավորվել: Ֆրանսիայի արդարադատության նախարար Ժերալդ Դարմանինը հայտարարել է, որ բողոքի ակցիաներին մասնակցում է «ակտիվ և բռնարար փոքրամասնություն»:
«Մենք նույնիսկ համոզված չենք, որ նրանք ավագ դպրոցի աշակերտներ են»,- հայտարարել է նա «France RTL» ռադիոյի եթերում:
Ֆրանսիայի կրթության նախարար Էդուար Ժեֆրեի հայտարարությամբ՝ բողոքի ակցիաների մեկնարկից ի վեր «ավելի քան հարյուր դպրոց լուրջ վնաս է կրել»: Նրա խոսքով՝ վիրավորվել է դպրոցի 65 աշխատակից, այդ թվում՝ դպրոցի 40 տնօրեն: Բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվել է 1 949 մարդ: Վիրավորվել է 305 ոստիկան:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ աշակերտները բողոքում են դասարանների գերբեռնվածության, ուսուցիչների պակասի և կրթական համակարգում առկա այլ խնդիրների դեմ: