Ֆինլանդիայի վարչապետ. Երբ Ռուսաստանը Եվրոպայում ագրեսիվ և դաժան պատերազմ է վարում, սխալ է, որ ռուսները կարող են Եվրոպա մեկնել որպես զբոսաշրջիկներ

17:34, 09.08.2022

Ֆինլանդիայի վարչապետն աջակցել է Ռուսաստանի քաղաքացիների համար զբոսաշրջային վիզաների դադարեցմանը։ Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։

Սանա Մարինը հանդես է եկել ռուսաստանցիների համար Եվրոպա մեկնելու համար զբոսաշրջային վիզաների տրամադրումը դադարեցնելու օգտին։

«Սխալ է, որ երբ Ռուսաստանը ագրեսիվ և դաժան պատերազմ է վարում Եվրոպայում, ռուսները կարող են ապրել այնպես, կարծես ոչինչ չի եղել և Եվրոպա մեկնել որպես զբոսաշրջիկներ։ Սա արդար չէ»,- ասել է Մարին։

Վարչապետի խոսքով՝ ինքը տեղյակ է, որ ռուսներն օգտագործում են Ֆինլանդիան՝ Եվրոպա անցնելու համար, և կառավարությունը քննարկում է այդ հարցը։

«Լսում ենք, որ ռուսներն օգտագործում են Ֆինլանդիան որպես տարանցիկ կետ, մեր միջոցով գնում են այլ երկրներ հանգստանալու։ Այս հարցը կքննարկենք կառավարությունում, քննարկումը կշարունակվի։ Արտաքին գործերի նախարարությունը պարզաբանում է այս իրավիճակը, սակայն կան որոշակի իրավական ասպեկտներ։ Մենք չունենք մեր պատժամիջոցային օրենսդրությունը, որը թույլ կտա մեզ սահմանափակել ռուս զբոսաշրջիկների նման գործողությունները։ Միգուցե այլ ուղիներ կան, օրինակ, դանդաղեցնել վիզաների տրամադրումը»,- ասել է Ֆինլանդիայի վարչապետը։

Նմանատիպ