«Ֆայնենշլ Թայմս». Իրանի և ԱՄՆ-ի միջև պատերազմի սկսվելուց հետո Եվրամիությունը հանածո վառելիքի վրա 100 միլիարդ եվրոյով ավելի է ծախսել, քան նախկինում՝ ներմուծման նույն ծավալի պայմաններում

21:42, 29.09.2026
Իրանի և ԱՄՆ-ի միջև պատերազմի սկսվելուց հետո Եվրամիությունը հանածո վառելիքի վրա 100 միլիարդ եվրոյով ավելի է ծախսել, քան նախկինում՝ ներմուծման նույն ծավալի պայմաններում։ Այս մասին «Ֆայնենշլ Թայմս»-ը գրում է էներգետիկայի հարցերով եվրոհանձնակատար Դան Յորգենսենին հղումով։
«Այս տարի էներգիայի համար 100 միլիարդ եվրոյով ավելի ենք վճարել՝ առանց գազի կամ նավթի ևս մեկ հավելյալ մոլեկուլ ստանալու», – նշել է եվրոհանձնակատարը։
Ինչպես գրում է պարբերականը, Եվրամիության անդամ երկրները քննարկում են, թե ինչպես նախապատրաստվել ձմռանը էներգակիրների բարձր գների պայմաններում։ Այս համատեքստում Դան Յորգենսենը խոսել է էլեկտրիֆիկացման տեմպերի արագացման անհրաժեշտության մասին։
«Պետք է ազատվենք այս կախվածությունից։ Հանածո վառելիքը՝ ներմուծվող, շրջակա միջավայրի համար վնասակար և թանկարժեք մոլեկուլները, պետք է փոխարինենք սեփական արտադրության էներգիայով», – պարզաբանել է Յորգենսենը։
Ի գիտություն, ավելի վաղ Պորտուգալիայում հարյուրավոր բեռնատարների վարորդներ բողոքի ակցիա են անցկացրել վառելիքի ռեկորդային գների պատճառով։

Նմանատիպ