Euronews - Սի Ցզինպինը Պուտինին ասել է, որ Մերձավոր Արևելքում պատերազմի դադարեցումը «չափազանց կարևոր է», բայց ոչ Ուկրաինայում
Սի Ցզինպինը Պուտինին ասել է, որ պատերազմի դադարեցումը «չափազանց կարևոր է» Մերձավոր Արևելքում, բայց ոչ Ուկրաինայում, հաղորդում է Euronews-ը: Հրատարակության տվյալներով՝ Պեկին կատարած պաշտոնական այցի ժամանակ Չինաստանի նախագահը նշել է, որ միջազգային ներկայիս իրավիճակը բարդ և անկայուն է։
Euronews-ի փոխանցմամբ՝ Պուտինի հետ հանդիպման ժամանակ Սի Ցզինպինը անդրադարձել է Մերձավոր Արևելքի հակամարտությանը և ասել, որ ռազմական գործողությունների դադարեցումը «չափազանց կարևոր» է: Նա ասել է, որ իրավիճակը գտնվում է «կրիտիկական պահին» և ներկայումս պատերազմից անցնում է խաղաղության։
«Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության պահպանման և ամրապնդման իմ չորս կետանոց ծրագիրը նպատակ ունի հետագայում կառուցել միջազգային կոնսենսուս և մեղմել լարվածությունը, թուլացնել հակամարտությունը և առաջ մղել խաղաղ կարգավորումը», – Սի Ցզինպինի խոսքերը մեջբերել է «Սինհուա»-ն։
Euronews-ը նաև գրում է, որ Չինաստանը դարձել է Մոսկվայի ամենակարևոր միջազգային գործընկերը Ռուսաստանի կողմից Ուկրաինա լիարժեք ներխուժումից ի վեր, ինչը մեծ մտահոգություն է առաջացրել Արևմուտքում, այդ թվում՝ Բրյուսելում։
Արևմտյան դիվանագետներն ու վերլուծաբանները կարծում են, որ Պեկինի տնտեսական և դիվանագիտական աջակցությունը օգնել է Ռուսաստանին շարունակել իր ռազմական արշավը Ուկրաինայում։ Սակայն, ըստ հրատարակության, չնայած Չինաստանը պաշտոնապես չի աջակցել Մոսկվայի պատերազմին, այն չի օգտագործել իր առկա լծակները՝ Մոսկվային ստիպելու դադարեցնել հակամարտությունը։