Էնթոնի Բլինքեն. Վրաստանում ժողովրդավարական հետընթաց է, դա շատ մտահոգիչ է
Վրաստանում ժողովրդավարական հետընթաց է, սա շատ մտահոգիչ է,- այս մասին Փարիզում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բառոսի հետ համատեղ ասուլիսում ասաց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն Էնթոնի Բլինքենին հարցրել է Վրաստանի մասին. «Վրաստանի մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այս շաբաթ ասաց, որ նոր ընտրությունները կարող են լուծում լինել ներկայիս քաղաքական ճգնաժամին։ Դաշնակիցները միջոցներ են ձեռնարկել, ինչպիսիք են պատժամիջոցները, բայց ի՞նչ պետք է սպասել։ Արևմտյան դաշնակիցները արդյո՞ք կարող են ինչ-որ բան անել Վրաստանի ժողովրդավարությունը փրկելու համար»:
«Մենք խոսել ենք այս հարցի շուրջ։ Այն, ինչ տեսել է ԱՄՆ-ը Վրաստանում, ժողովրդավարական նահանջ է: Սա շատ մտահոգիչ է: Եվ ոչ միայն ժողովրդավարական նահանջ, այլ նահանջ վրաց ժողովրդի բացարձակ մեծամասնության ձգտումից՝ կառուցելու այնպիսի ապագա, որն ավելի ու ավելի մոտ կլինի Եվրոպային։ Այսպիսով, երբ մենք տեսանք այս դեմոկրատական հետընթացը, մենք տեսանք մի կառավարություն, որը գործում է ընդդեմ ժողովրդի հստակ կամքի, որը նրանք ներկայացնում են, մենք տեսանք ընտրություններ, որոնք բարձրացրեցին բազմաթիվ հարցեր, կառավարության ռեպրեսիվ գործողություններ այն մարդկանց դեմ, ովքեր փորձում էին խոսել ազատ և բաց, մենք և մեր գործընկերները միջոցներ են ձեռնարկել: Մենք պատժամիջոցներ կիրառեցինք «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի, ինչպես նաև կառավարության այլ անդամների նկատմամբ և կասեցրինք ԱՄՆ օգնությունը Վրաստանի կառավարությանը։ ԵԱՀԿ-ի մեր բոլոր գործընկերների, այդ թվում՝ Ֆրանսիայի հետ միասին, մենք գործարկեցինք Վիեննայի մեխանիզմը, որպեսզի պարզ դարձնենք, որ ձեռնարկված քայլերը, այդ թվում՝ օրենքի ընդունումը, որը սահմանափակում է քաղաքացիական հասարակության ազատ արտահայտվելու տարածքը, պետք է հետ փոխվեն: Կարծում եմ, վրացական իշխանությունների շատ տխուր գործողությունների դիմաց դուք կարող եք տեսնել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և շատ այլ երկրների միջև հստակ միասնությունը»,- ասել է Էնթոնի Բլինքենը։