Էնթոնի Բլինկեն. Նրանք, ովքեր խարխլում են Վրաստանում ժողովրդավարական գործընթացները, պետք է պատասխանատվության ենթարկվեն, ԱՄՆ-ը պատրաստվում է օգտագործել իր ձեռքի տակ եղած գործիքները, այդ թվում լրացուցիչ պատժամիջոցները
ԱՄՆ-ը պատրաստվում է Վրաստանի նկատմամբ օգտագործել իր ձեռքի տակ եղած գործիքները, այդ թվում լրացուցիչ պատժամիջոցներ,- այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարության մեջ:
Էնթոնի Բլինկենը հայտարարում է, որ «խստորեն դատապարտում է «Վրացական երազանքի» դաժան և չարդարացված բռնությունը Վրաստանի քաղաքացիների, ցուցարարների, լրատվամիջոցների և ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ։
«ԱՄՆ-ը Վրաստանի և վրաց ժողովրդի գործընկերն է ավելի քան 32 տարի։ Մեր գործընկերությունը հիմնված է ազատության և ժողովրդավարության հանդեպ մեր ընդհանուր սիրո և Վրաստանը եվրոատլանտյան ընտանիքում տեսնելու ցանկության վրա։ Վրաստանի իշխանությունների և վրաց ժողովրդի հետ միասին մենք աշխատել ենք տնտեսության զարգացման, կրթական համակարգի բարելավման, պաշտպանունակության բարձրացման, առողջապահության և գյուղատնտեսության ոլորտների ընդլայնման ուղղությամբ։ ԱՄՆ-ը եղել է Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հավատարիմ ջատագովը, և մեր հավատարմությունը Վրաստանի խիզախ ժողովրդին և նրանց եվրաատլանտյան ձգտումներին երկաթի պես ամուր է:
ԱՄՆ-ը խստորեն դատապարտում է «Վրացական երազանքի» դաժան և չարդարացված բռնությունը Վրաստանի քաղաքացիների, ցուցարարների, լրատվամիջոցների և ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ։ Մենք կոչ ենք անում «Վրացական երազանքին» վերջ տալ իր ռեպրեսիվ մարտավարությանը, այդ թվում կամայական կալանքի և ֆիզիկական բռնության կիրառումը` փորձելով լռեցնել քննադատներին: Մեզ հատկապես անհանգստացնում է իրավապահ մարմինների կողմից մարդկանց լուրջ վնասվածքներ հասցնելու մասին հաղորդումները: Խաղաղ հավաքների և արտահայտվելու ազատության իրենց իրավունքն իրացնելու համար ձերբակալվածները պետք է անհապաղ ազատ արձակվեն, իսկ ուժի ապօրինի կիրառման համար պատասխանատու պաշտոնյաները պետք է լիովին պատասխանատվության ենթարկվեն։
ԱՄՆ-ը համերաշխ է վրաց ժողովրդի և նրա դեմոկրատական ձգտումների հետ։ Նրանք, ովքեր խարխլում են Վրաստանում ժողովրդավարական գործընթացները կամ ինստիտուտները, ներառյալ նրանք, ովքեր ճնշում են Վրաստանի քաղաքացիների խաղաղ հավաքների և արտահայտվելու ազատության իրավունքը, պետք է պատասխանատվության ենթարկվեն: Բացի երկկողմ համագործակցության ավելի վաղ հայտարարված համապարփակ վերանայումը շարունակելուց, ԱՄՆ-ը պատրաստվում է օգտագործել իր տրամադրության տակ եղած գործիքները, այդ թվում լրացուցիչ պատժամիջոցները»,- ասվում է Էնթոնի Բլինկենի հայտարարության մեջ։