Էկատերինե Տիկարաձեն հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչների հետ
Վրաստանի օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջության և սոցիալական պաշտպանության հարցերի նախարար Էկատերինե Տիկարաձեն հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության իմունիզացիայի և պատվաստանյութերով վերահսկվող հիվանդությունների ծրագրի մենեջեր Սիդհարթա Դատայի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության Վրաստանի գրասենյակի ղեկավար Սիլվիու Դոմենտեի հետ:
Նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, կողմերը քննարկել են կորոնավիրուսի պատվաստման հետ կապված հարցերը: Նախարարը Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներին ներկայացրել է պատվաստումների գործընթացի ընթացքը: Նրանք խոսել են առողջապահության ոլորտում 2021 թվականի համագործակցության հարցերի և ապագա ծրագրերի մասին:
«Առողջապահության համաշխարհային կազմակերպության պատվաստումների հարցերով տարածաշրջանային խորհրդականը Վրաստանում է: Սիդհարթա Դատան բարձր գնահատեց ընթացիկ պատվաստման ծրագիրը: Խորհուրդներ ստացանք պատվաստումների ծրագիրն ընդլայնելու վերաբերյալ, խոսեցինք նաև զանգվածային պատվաստումների կենտրոններ հիմնելու մասին: Հետագայում այս համագործակցությունը ակտիվորեն կշարունակվի», – ասաց Թամար Գաբունիան:
Էկատերինե Տիկարաձեն շնորհակալություն է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը իմունիզացիայի և պատվաստանյութերի ներդրման ոլորտում Վրաստանին ցուցաբերած աջակցության համար և հաջողություն մաղթել նրանց հետագա գործունեության մեջ: Իր հերթին, Սիդհարթա Դատան աջակցություն է հայտնել առողջապահության համակարգում իրականացված և ընթացիկ բարեփոխումներին և համագործակցության հետագա խորացման պատրաստակամություն հայտնել:
«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել առողջապահության նախարարությանը և Վրաստանի կառավարությանը համաճարակի դեմ պայքարում հսկայական ջանքերի համար: Իմունացման ծրագիրը շատ կարևոր է, և Վրաստանը լավ օրինակ է այս առումով», – ասաց Սիդհարթա Դատան:
Առողջապահության նախարարությունում նշում են, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ակտիվ աջակցությամբ նախատեսվում է «COVAX» պլատֆորմի շրջանակներում պատվաստանյութի 1.4 միլիոն դոզա գնել: Պատվաստման ազգային ծրագրի համաձայն, պատվաստումների թիրախը 2021 թվականի ընթացքում բնակչության 60 տոկոսին պատվաստելն է: