Այսօր ընտրական կոլեգիան առաջին անգամ անուղղակի եղանակով կընտրի Վրաստանի վեցերորդ նախագահին։ «Վրացական երազանքը» նախագահի պաշտոնում առաջադրել է Միխեիլ Ղավելաշվիլիի թեկնածությունը։
Խորհրդարանի պալատում քվեարկության գործընթացը կսկսվի ժամը 09:00-ից և կշարունակվի մինչև ժամը 14:00-ն։
Օրենսդրության համաձայն՝ ընտրություններ անցկացնելու համար բավարար է ընտրական կոլեգիայի ամբողջական կազմի մեծամասնության՝ առնվազն 151 անդամի առկայությունը, իսկ նախագահ ընտրելու համար անհրաժեշտ է կոլեգիայի առնվազն 200 անդամների ձայնը։
Ընտրական կոլեգիայի կողմից ընտրված նախագահը պաշտոնավարելու է հինգ տարի ժամկետով։
Ինչ վերաբերում է ընտրական կոլեգիային, ապա այն բաղկացած է
300 անդամից։ Կոլեգիայի կազմում ընդգրկված են խորհրդարանի 150 անդամներ, Աջարիայի Ինքնավար Հանրապետության բարձրագույն ներկայացուցչական մարմնի բոլոր անդամները՝ 21 պատգամավոր, Աբխազիայի Ինքնավար Հանրապետության բարձրագույն ներկայացուցչական մարմնի 20 անդամներ և ավագանիների 109 անդամներ։
Տեղական ինքնակառավարման մարմինների 109 անդամներից «Վրացական երազանքը» պետք է ներկայացներ 54 անդամ, իսկ ութը ընդդիմադիր կուսակցությունները՝ 55։ Քանի որ ընդդիմությունը ընտրական կոլեգիայի քաղաքային խորհուրդներից անդամներ չնշանակեց, իշխող թիմը համալրել է նրանց համար սահմանված 55 մանդատները, ինչի պատճառով «Վրացական երազանքը» ընտրական կոլեգիայում ունի 211 անդամ, որից 89-ը խորհրդարանից են, 13-ը՝ Աջարիայի բարձրագույն խորհրդից, իսկ ավագանիներից՝ 109 անդամ։
Խորհրդարանն ապահովում է նախագահի անուղղակի ընտրությունը ԿԸՀ-ի միջոցով։ ԿԸՀ-ն ընտրություններից անմիջապես հետո իր նիստում կամփոփի նախագահական ընտրությունների արդյունքները, որոնք ընտրությունների նման կանցկացվեն խորհրդարանի պալատում։