Դոնալդ Տուսկ. ԱՄՆ-ն պատրաստ է համաձայնել զորքեր ուղարկել ռուս-ուկրաինական սահման
Դոնալդ Տուսկ. ԱՄՆ-ն պատրաստ է համաձայնել զորքեր ուղարկել ռուս-ուկրաինական սահման

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ԱՄՆ-ն, ամենայն հավանականությամբ, կհամաձայնի զորք ուղարկել Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին կամ շփման գծին։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Տուսկը այս մասին հայտնել է Եվրոպական երկրների ղեկավարների, Կանադայի վարչապետի, եվրոպական ինստիտուտների ղեկավարների և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ անցկացված բանակցություններից հետո։

Վարչապետի խոսքով՝ խաղաղությունն արդեն տեսանելի է հորիզոնում, և դրա հասնելը հնարավոր կլինի մի քանի շաբաթում։

Տուսկը նշել է, որ պատերազմի ավարտի հույսի հիմք է հանդիսանում ԱՄՆ-ի պատրաստակամության մասին հայտարարությունը՝ խաղաղության պայմանագրից հետո մասնակցելու Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ապահովմանը։

«Պատերազմի ավարտի հույսի հիմքն այն է, որ ԱՄՆ-ն հայտարարել է պատրաստակամություն՝ խաղաղության հասնելուց հետո ներգրավվելու Ուկրաինայի անվտանգության երաշխիքներում։ Սա ներառում է, օրինակ, ամերիկյան զորքերի ներկայությունը սահմանին կամ շփման գծում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։ Սա բավականին հստակ ազդակ էր։ Տեսնենք՝ որքան հետևողական կլինեն մեր գործընկերները Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմում», – նշել է Տուսկը։

Իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ հունվարի սկզբին Փարիզում կկայանա «վճռական դիրքորոշում ունեցող երկրների կոալիցիայի» հանդիպում, որի ընթացքում նախատեսվում է հստակեցնել յուրաքանչյուր երկրի մասնակցությունը Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համակարգում։