Դոնալդ Թրամփը շնորհավորել է Իլհամ Ալիևին Անկախության օրվա կապակցությամբ. Հիմա ժամանակն է խաղաղության հասնելու և Հարավային Կովկասի ժողովուրդների համար բարգավաճման նոր դարաշրջան սկսելու
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին երկրի Անկախության օրվա կապակցությամբ։
Նամակի բովանդակությունը հրապարակվել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից։
«Ամերիկացի ժողովրդի անունից ցանկանում եմ շնորհավորել ձեզ և Ադրբեջանի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։ Մենք գնահատում ենք մեր հարաբերությունները Ադրբեջանի Հանրապետության հետ և գնահատում ենք ձեր գործընկերությունը Միացյալ Նահանգների հետ ահաբեկչության դեմ պայքարում, էներգետիկ անվտանգության խթանման և ձեր հարևանի հետ խաղաղության հասնելու գործում։
Դիվանագիտական հարաբերությունների ավելի քան երեսուն տարվա ընթացքում մեր հարաբերությունները զգալիորեն զարգացել են, և մենք անհամբեր սպասում ենք շարունակել համատեղ աշխատել մեր փոխադարձ առաջնահերթությունների շուրջ, ներառյալ անվտանգության ոլորտում համագործակցությունը, տնտեսական գործընկերությունը և էներգետիկայի զարգացումը։
Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև խաղաղությանը։ Հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստի Հարավային Կովկասի բարգավաճմանը և կստեղծի ավելի մեծ հնարավորություններ Միացյալ Նահանգների հետ համագործակցության համար։ Հիմա ժամանակն է խաղաղության հասնելու և Հարավային Կովկասի ժողովուրդների համար բարգավաճման նոր դարաշրջան սկսելու։ Մենք անհամբեր սպասում ենք ավելի խորը գործընկերության առաջիկա տարիներին և տասնամյակներում», – ասվում է նամակում։